Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանները եւ լեզվաբանները որոշել են ուսումնասիրել սմարթֆոնների եւ պլանշետների ազդեցությունը ակադեմիական տեքստերը հասկանալու ունակության վրա:

Գիտնականները հետազոտության շրջանակում հենվել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ուղեղի հետազոտության տվյալների վրա, ինչպես նաեւ հատուկ սարքով հետեւել են փորձարկվողների աչքերի շարժումներին գիտական տեքստեր ընթերցելիս: Փորձարկմանը մասնակցել է ընդհանուր 51 ուսանող: Հոդվածների ընթերցումն ավարտելուց հետո բոլոր կամավորները պետք է պատասխանեին դրանց բովանդակությանն առնչվող 10 հարցի:.

Պարզվել է, որ ուսանողները որքան շատ էին կախված գաջեթներից, այնքան ցածր էր գլխուղեղի կղզյակային բաժնի եւ ստորին ճակատային գալարների ակտիվությունը: Նշվում է, որ հենց այս հատվածներն են մասնակցում տեղեկությունների մշակմանը եւ ուշադրության կենտրոնացմանը:

Գիտնականների կարծիքով՝ դա կապված է էլեկտրոնային սարքերի հաճախակի օգտագործման դեպքում ուղեղի որոշ հատվածների ակտիվության նվազման հետ: Մասնագետներն իրենց եզրահանգումները զգուշավոր են բարձրաձայնում՝ ընդունելով այս վարկածի հաստատման համար ավելի խոշոր հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը:

Գիտական աշխատանքը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

med.news.am