Վերջին օրերին ավելացել են հայաստանյան բաժանորդներին օտարերկրյա հեռախոսահամարներից ստացվող զանգերը։ Տեղեկատվության անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook սոցցանցի իր էջում հորդորում է խուճապի չմատնվել և նշում` եթե նախկինում մարդիկ միայն արտասահմանյան համարներից էին զանգեր ստանում, ապա այժմ արդեն այդ զանգերի հեղինակաները նաև ադրբեջանական բաժանորդներն են։
 

«Մեծ շուխուր է ընկել, բայց ցանցում կատարվող ամեն ինչ չէ, որ հաքերներն են անում: Շատ բաներ անում են պարզապես ժուլիկները, կազմակերպված ժուլիկները»,- ասում է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝  նման զանգերը հիմնականում մեկ նպատակ ունեն. այդկերպ նրանք փորձում են գումար կորզել:

Փորձագետը խորհուրդ է տալիս չպատասխանել այդ զանգերին, առավելևս` ոչ մի դեպքում հետ չզանգել այդ հեռախոսահամարների։

Նրա խոսքով՝ կանխավճարային բաժանորդների դեպքում գանձված գումարը դժվար թե մեծ լինի, քանի որ այդպիսի բաժանորդները, սովորաբար, մեծ գումար չեն ունենում իրենց հեռախոսահամարներում, իսկ հետվճարային բաժանորդների դեպքում խնդիրը լուրջ է։ Մարտիրոսյանը նշում է, որ առավել վտանգավոր են անծանոթ համարներից ստացած sms-ները, քանի որ դրանք կարող են պարունակել վտանգավոր հղումներ։ Խնդիրներից խուսափելու համար պարզապես պետք է անտեսել դրանք։

Նշենք, որ անծանոթ համարներից բաժանորդներին զանգելը տարածված է ամբողջ աշխարհում։ Այս երևույթը կոչվում է «One ring» (մեկ զանգ) կամ Wangiri scam (Wangiri – ճապոներեն բառ է)`մեկ զանգ և անջատում:

armeniasputnik.am