ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, անդրադարձավ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Նրանց հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մենք շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում և կկազմենք նաև ԶՈւ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջակի պլանը: Մենք կտեսնենք, կաշխատենք ոլորտի հետ երկու ուղղություններով՝ Կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները՝ պայմանով, որ տեղական արտադրողներն ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ և ճանապարհային քարտեզ: Մենք դուրս կգանք տնտեսական նպատակահարմարության ռեալ հաշվարկի, և, կարծում եմ, ակնհայտ է, որ որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող, ու սա նույնիսկ քննարկման ենթակա հարց չէր: Սա ձևակերպում ենք որպես հանձնարարական: Մեկամսյա պարբերականությամբ պետք է զեկուցվի՝ ուր ենք հասել այս հանձնարարականի կատարման ուղղությամբ»,- ասաց նա: