Արևիկ» ազգային պարկում օգոստոսի 10-ից 14-ը մոլեգնած հրդեհը նման տարերային աղետներից մեր երկրի թույլ պաշտպանվածության հերթական դրսևորումներից մեկն է: Այսպես է կարծում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի նախկին գլխավոր անտառագետ, Մեղրու անտառտնտեսության նախկին տնօրեն, անտառագետ-դենդրոլոգ Գևորգ Մարգարյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց անտառային տարածքներում եղած հրդեհից հետո պատճառված վնասները մեղմելու մեխանիզմների մասին:
Մեր զրուցակցի կարծիքով' հրդեհները ահազանգում ու միաժամանակ խորհուրդ են տալիս Հայաստանի պատկան մարմիններին, որ դեռևս ուշ չէ և ժամանակն է արագացված մի շարք միջոցառումներ ու քայլեր կատարել, որպեսզի նախկին թերություններն ու բացթողումները չկրկնվեն:
«Այդ նպատակով անհրաժեշտ եմ համարում և առաջարկում եմ, նախ՝ հրդեհավտանգ ժամանակաշրջանում բոլոր անտառտնտեսություններում լրացուցիչ ժամանակավոր հրշեջ պահակների հաստիքներ ավելացնել: Կոնկրետ «Արևիկ» ազգային պարկի համար՝ 20-30 հոգի է պետք»,-ընդգծեց Գևորգ Մարգարյանն ու շարունակեց առաջարկությունների շարքը: «Պետք է կյանքի կոչել երկհերթ պահպանության գրաֆիկը: Կամ, օրինակ, Կապանում գրասենյակի համար թանկարժեք շենք գնելու փոխարեն այդ միջոցները հատկացնել անտառտնտեսությունների, ազգային պարկերի, արգելոցների համար ամենագնաց, ժամանակակից սարքավորումներով ապահովված «Ուրալ» կամ ԳԱԶ-66 հրշեջ մեքենաներ ձեռք բերելուն»:
Կարևոր է նաև հրդեհի ժամանակ տվյալ տարածաշրջանի մարզպետարանի և ԱԻՆ հրահանգով հիմնարկների աշխատակիցներին և ազգաբնակչությանն անմիջապես ոտքի հանել և ներգրավել հրդեհների մարման գործընթացում, նրանց ապահովելով համապատասխան աշխատանքային հագուստով, գործիքներով, սննդով, ջրով և այլ անհրաժեշտ պարագաներով:
Անտառագետը նշեց, որ պետք է ամիսը երկու անգամ կրթօջախներում, հիմնարկ-ձեռնարկություններում բնապահպանական հասարակական կազմակերպությունների միջոցով անտառների պահպանության ուսուցողական, խորհրդատվական, նախապատրաստական միջոցառումներ անցկացնել: Մեր զրուցակիցը կարևորեց նաև անտառամերձ համայնքների դպրոցներում նախկին դպրոցական անտառպետությունների վերականգնումը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am