Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկներն ընդունել-չընդունելը Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է, սակայն ողջունելի է անցումը «արտահերթերից» երկխոսության, բանակցության և առաջարկների դաշտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
«Պաշտոնների նշանակման առումով պիտի ասեմ հետևյալը, որ դա բացառապես երկրի նախագահի լիազորությունների դաշտում է, և նա կարող է որոշել, թե ով կարող է ղեկավարել այս կամ այն պաշտոնը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հանրապետական պատգամավորը, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մի մասը բավականին ընդունելի է համարում, իսկ օրինակ՝ Ընտրական օրենսգրքի, սահմանադրական բարեփոխումները՝ քննարկելի: «Կարելի է նստել, խոսել, ինչո՞ւ չէ, իսկ կապված նամակների հետ, պարոն Արզումանյանը բավականին հստակ պատասխանել էր, որ նախագահական նստավայրում պատասխանում են նամակներին, և անպատասխան նամակ, որպես այդպիսին, չեն թողնում»,- ասաց «Հանրապետական» խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին առաջարկներն անելով նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջեց ՀՀ գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի, Արտաքին գործերի ու Գիտության և կրթության նախարարությունների, Վերահսկիչ պալատի, Արդարադատության խորհրդի, Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները
Նկատենք, սակայն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներում կար ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցակցնելու առաջարկ: Ի պատասխան վերոհիշյալ դիտարկման, Հովհաննես Սահակյանն ասաց. «Արտահերթ և՛ նախագահական (երկրորդ փուլ), և՛ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բազմիցս մեր տեսակետը հայտնել ենք: Եվ ասել ենք, որ էս, էս պատճառներով դա անհնար, ավելին՝ անթույլատրել է։ Եթե վերանանք քաղաքական պատճառներից, ապա կա իրավական գնահատական, որի հետ պետք է բոլորս հաշվի նստենք»,- նկատեց պատգամավորը:
Հ. Սահակյանը հստակեցրեց, որ ընտրական բարեփոխումներ ասելով՝ ի նկատի ունի այն խնդիրները, որոնք ԸՕ-ի վերջին լրամշակումից հետո առաջացել են օբյեկտիվորեն և որոնց հետ կապված ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը առաջարկներ էր ներկացրել ԱԺ ընտրություններից հետո:
«Եվ նշվել էր, որ համապետական ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ոչ նպատակահարմար է գնալ նման արմատական փոփոխությունների, ուստի , հաշվի առնելով, որ առաջիկայում համապետական ընտրությունների համար մոտ չորս տարի ժամանակ ունենք, կարելի է նստել էդ հարցերն ավելի արմատական, ֆունդամենտալ քննարկել»,- ասաց նա:
Մատնանշվեց, որ այս դեպքում նորից կբարձրացնեն «համամասնակա՞ն, թե մեծամասնական» գաղափարը, հանգամանալից վեր կհանվեն երկուսի դրական ու բացասական կողմերը, ինչից հետո, եթե գտնվի ըստ Սահակյանի՝ մեր երկրին ու մենթալիտետին համապատասխան՝ համամասանական ու մեծամասնական հարաբերակցությունը, կգնան առաջ:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին նախորդել էր նաև ԸՕ-ում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցման առաջարկը: