Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 25 միլիոն դրամ գրավով:

Դատական նիստը հետաձգվեց:

Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: