«ԵԱՏՄ երկրների համար 1-7 տարեկան մեքենաների մաքսազերծման արժեքը բավականին նվազել է։ 1-1800 խորանարդ սանտիմետր ծավալը 0,36 եվրո է, 1800-3000 խորանարդ սանտիմետրը՝ 0,44, իսկ 3000-ից բարձրը՝ 0,8 եվրո։ Բայց, բացի այդ, Հայաստանը կարող է նաև մեզանից գանձել 20 % ավելացված արժեքի հարկ։ Խնդիրը մեր պետության մեջ է, որը կարող է չգանձել ԱԱՀ-ը 2 տարի։ ԵԱՏՄ տարածքի համար հարկային դաշտում գտնվող իրավաբանական անձանց համար ընդունվել են շատ էժան մաքսային տարիֆներ։ Մենք Ռուսաստանին ոչինչ ասել չենք կարող, մեր ասելիքը մեր կառավարությանն է վերաբերում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոներմուծողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Картинки по запросу Հայաստանի ավտոներմուծողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյան

Վերջինս օրինակ բերեց. 2015 թ․ «Toyota Camry» ծավալը՝ 2500-ը, բազմապատկենք 0,44 եվրոյով, կստացվի 1100 եվրո, այնինչ այսօր այդ մակնիշի մեքենայի մաքսազերծման արժեքը 4000 դոլար է։

Նա նշեց, որ Ռուսաստանի դաշնության նախագահի աշխատակազմը, իր հարցմանը պատասխանելով, նշել է, որ Հայաստանի կառավարության հետ քննարկվում են նոր սակագներ և դրույքաչափեր, ըստ որոնց՝ ԵՏՄ անդամ երկրներ կարելի է ներկրել մեքենաներ այլ երկրներից․ «Ես պարզեցի, թե ինչու մեր կառավարությունը չի հրապարակում դրույքաչափերը, քանի որ թաքցնում է ավելացված արժեքի հարկը։ Սպասում են, որ 2020թ․ հունվարի 1-ին նոր խոսեն դրա մասին։ Բայց մենք բացահայտել ենք, և ավտոներկրողներս սեպտեմբերի 11-ին հավաքվելու ենք կառավարության դիմաց՝ պահանջով, որ 20% ԱԱՀ-ն 2 տարի չգանձի կամ սարքի 5%, ինչպես նաև խնդրելու ենք թույլատրել 7-15 տարեկան մեքենաների ներկրումը։ Ժողովուրդն աղքատ է, այդքան փող չունի՝ նոր մակնիշի մեքենաներ գնելու համար։ Մեր կառավարությունը ռուսներից թող միայն դա խնդրի»,- ասաց նա։ 

Հովհաննիսյանն այն համոզմանն է, որ եթե 20 % ԱԱՀ-ն չվերացվի, մեքենաները անհամեմատ կթանկանան, և մարդիկ 7 տարեկանից ներքև մեքենաներ չեն կարողանա բերել․ «Մարդկանց մոտ խուճապ է, այնքան են մեքենաներ գնել, որ նավահանգիստներում խցանումներ են։ Մեքենաները կուտակում են, որ հունվարից ավելի թանկ գնով վաճառեն։ Բայց եթե մեր կառավարությունը հայտարարի դրույքաչափերի մասին, մարդիկ կհանգստանան»,- նշեց Հայաստանի ավտոներմուծողների միության նախագահը։