Նորածինների համար վտանգավոր է ավտոմեքենաներում տեղադրվող մանկական նստատեղերի՝ այսպես կոչված «քարսիթերի» մեջ 30 րոպեից ավելի նստած մնալը: Նման եզրակացության են եկել բրիտանացի սոցիոլոգները, որոնք հետազոտություն են անցկացրել Churchill Car Insurance-ի պատվերով:

Եթե նորածինը քնած դիրքով երկար է մնում մանկական նստատեղի մեջ, ապա նրա մոտ կարող են շնչառական խնդիրներ առաջանալ: Սակայն հարցումը ցույց է տվել, որ ծնողների 75%-ը չգիտի դրա մասին: Ծնողները չգիտեն նաեւ, որ ավտոմեքենայով երկարատեւ ուղեւորությունների ժամանակ պետք է ամեն երկու ժամը մեկ կանգ առնել եւ դուրս գալ ավտոմեքենայից գոնե 15 րոպեով: Իսկ եթե երեխան շատ փոքր է, «քարսիթի» մեջ նրա մարմնի դիրքը պետք է փոխել որքան հնարավոր է հաճախ:

Հարցման հեղինակները նշում են, որ երեխաների բնախոսության հարցերին անտեղյակ են հիմնականում 35 տարեկանից բարձր ծնողները, երիտասարդներն առավել տեղեկացված են, ինչը բացատրվում է նրանով, որ այսօր համացանցը երեխաների առողջության մասին տեղեկանալու համար լայն հնարավորություն է տալիս երիտասարդությանը:

Փորձագետները խորհուրդ են տալիս երեխայի կյանքի առաջին շաբաթներին ավտոմեքենայով ավելի քան 30 րոպե տեւողությամբ ուղեւորության չմեկնել: Իսկ եթե չի ստացվում խուսափել նման ուղեւորությունից, ապա հետեւի նստարանին պետք է մեծահասակ նստի, որը կհետեւի երեխային եւ պարբերաբար կփոխի երեխայի մարմնի դիրքը: Դա կօգնի խուսափել խնդիրներից եւ ուղեւորությունն առավելագույնս անվտանգ կդարձնի:

news.am