ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները:
«Ջերմուկ քաղաքի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որովհետև այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք, որովհետև դուք ունեք կառավարություն, որը եթե տեսնի, որ այդ ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, ինքը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կգնա ճանապարհներ կփակի»,- այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «Իմ արձանագրումը շարունակում է մնալ այն, ինչ ունեցել եմ նախորդ իմ ուղիղ եթերի ընթացքում, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում: Բայց, հասկանալի է, որ չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»:
ՀՀ վարչապետը նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտության հետ կապված՝ ասել է, որ դա այն փաստաթուղթն է, որով հանքարդյունաբերողն ինքը բարձրաձայնում է իր պարտավորությունները հանրության առաջ:
«Եթե հիշում եք, «Սկայպ» կոնֆերանսի ժամանակ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետներն ասացին, որ, ի վերջո, ցանկացած գործողության և գործունեության պատասխանատվություն կրում է «Լիդիան» ընկերությունը: «Լիդիան» ընկերությունը ինքը պետք է երաշխիքներ տա կամ չտա, ստանձնի որոշակի պարտավորություններ, ինչի արդյունքում Կառավարությունը պետք է որոշի, թե որքանով է վստահություն ցուցաբերում այդ արձանագրումների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է, որ «Լիդիան» ընկերությունն իր հետ հանդիպման ժամանակ ամենաբարձր մակարդակով երաշխավորել է, որ շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի լինի:
«Լիդիան» ընկերությունն այս ամբողջ պատմությունից հետո գալիս է և ինձ հետ հանդիպման ընթացքում ասում է, որ «այո, ինչպես ՇՄԱԳ-ում գրել եմ, ես պարտավորվում եմ, որ այդ հանքը կշահագործեմ 100 տոկոսով անվտանգ»: Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, օդի որակը չի փոխվի, ստորերկրյա ջրերը չեն աղտոտվի, մակերեսային ջրերը չեն աղտոտվի, հողի և շրջակա միջավայրի կենսբազմազանության հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,- նշել է վարչապետը: