ՀՀ 2-րդ նախագահ՝ մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դժգոհ են Սահմանադրական դատարանի որոշումից։
Որոշման, սպասվող հետագա քայլերի մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանի հետ։
«Սահմանադրական դատարանը հստակ արձանագրեց, որ պաշտոնաթող նախագահի դեպքում, հաշվի առնելով 35-րդ հոդվածում առկա օրենսդրական բացը, խախտվում է անձնական ազատության իրավուքը։ Այլ կերպ ասած՝ անձի չկալանավորվելու իրավուքը»,- ասաց նա։
Ըստ փաստաբանի` կա Եվրոպական դատարանի նախադեպը, որը հենց ուղղակիորեն այն իրավիճակն է ներկայացնում, երբ անձին կալանավորում են ոչ որակյալ օրենքի պարագայում։ Այսինքն` այնպիսի օրենքի, որն ունի բաց։
«Բացի դրանից, Սահմանադրական դատարանը իր որոշմամբ ուղղակիորեն արձանագրեց, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց կարգավիճակի կամ գործունեությունից բխող, թե չբխող գործողությունները բացահայտելու համար, չկան օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր ու օրենքներ»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ իրենց թիմը դեռ շաբաթ օրը մուտք էր արել 2 միջնորդություն։ Մեկը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, մյուսը՝ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Երկուսն էլ բխում են Սահմանադրական դատարանի 14 76 որոշումից։ Այսօր ևս միջնորդությունները ներկայացվեցին, քանի որ շաբաթ օրն այն ներկայացվել էր Կենտրոն նստավայր, այժմ մենք, նաև նախագահությամբ Ջանիբեկյանի, այն փոխանցել և մուտքագրել ենք։
«Ամսի 12-ին նիստ է նշանակված, սակայն նման իրավիճակում դատարանները անհապաղ են նիստ գումարում, ոչ թե ըստ նշանակման»,- նշեց Վարդևանյանը։
Փաստաբանը նաև հավելեց, որ Դատախազությունը որոշակի հայտարարությամբ հանդես եկավ, որի վերաբերյալ ևս մեկնաբանություն հրապարակայնորեն ներկայացվեց։
«Իհարկե, այն Սահմանադրական դատարանի կայացրած որոշման այն աստիճան հատվածային մեկնաբանություն էր, որ դա նույնիսկ որպես մեկնաբանություն դիտարկել էլ հնարավոր չէ, բայց սա պետք է հաշվի առնել մեկ հանգամանքի լույսի ներքո»,-հավելեց նա։
Ըստ Վարդևանյանի` գլխավոր դատախազությունը, միակ գործողությունը, որ կարող էր անել, կարող էր` արձանագրելով անձի անձնական ազատության իրավունքի խախտումը, փորձեր քայլեր ձեռնարկել դրա վերացման ուղղությամբ, որը, ինչպես նկատեցիք, չի կատարվել։ Հետևաբար իրենց հայտարարությունը իրավական որևէ հետևանք կամ նշանակություն բացարձակապես չունի։