Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սպասվում էր, որ կտրուկ կփովի միջազգային հանրության վերաբերմունքը հարևան Ադրբեջանի նկատմամբ, ասել է թե՝ կաշխատի կոնտրաստը, և ժողովրդավարական զարգացման ուղին բռնած Հայաստանը շահեկանորեն կտարբերվի ավտորիտար հարևանից: Սակայն ուշագրավ է, որ այս ողջ ընթացքում փոխվեց միայն ՀՀ իշխանությունների վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Դուշանբեի վերելակում ձեռքսեղմումից հետո Փաշինյանի վրա Ալիևը թողել էր «կիրթ» անձնավորության տպավորություն, սակայն դրանից հետո էլ Ադրբեջանի ղեկավարը կրկին հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով, որտեղ նշում է, որ ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, որ Հայաստանի մեկուսացումը պետք է շարունակվի, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն տարածքներից:
 
Դրանից հետո էլ բարեկամական ժեստերը առ հարևան պետություն չդադարեցին, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած այցերից մեկի ժամանակ հանդիպում է ունեցել ադրբեջանամետ քաղաքական գործիչ Նիկիտա Իսաևի հետ: Այս հանդիպումը միանշանակ չի ընդունվել ոչ ռուսական, ոչ հայաստանյան հասարակության կողմից: Պակաս ադրբեջանամետ չէ նաև Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումը գեներալիտետին հեղինակազրկելու հարցում: Թշնամու ահ ու սարսափը հանդիսացող բարձրաստիճան զինվորականների գլխին դամոկլյան սրի պես կախված է ասֆալտին փռվելու սպառնալիքը, շատերը արդեն իսկ զրկվել են պաշտոններից, և այդ փաստը, անշուշտ, մեծ բավարարություն է պատճառում կիրթ Ալիևին և մեր գեներալներից ժամանակին մազապուրծ եղած ադրբեջանական զինվորական վերնախավին: Այսօր էլ այդ քաղաքականության պտուղներն ենք տեսնում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հավանական անդամակցության հարցում:
 
 
Մի կողմից, բարձր մակարդակով հայտարարվում է, որ Ադրբեջանը որևէ պարագայում չի կարող դառնալ այս համակարգի մաս, անդամ, մյուս կողմից, իշխող քաղաքական թիմը տրամադրություններ է շոշափում, փորձում նաև հանրային գիտակցության մեջ ներդնել այն թեզը, որ Ադրբեջանի անդամակցությունից Հայաստանը կարող է նաև օգուտներ քաղել: Սա նշանակում է, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն բացառում նման սցենարի իրականացումը: Այս ամենը խոսում է ընդգծված քաղաքականության մասին, որը, սակայն, որևէ լավ արդյունքի հանգեցնել չի կարող, հատկապես որ ադրբեջանական կողմը փոխադարձաբար չի արձագանքում հայկական կողմի նմանօրինակ ռևերանսներին…