Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ համապատասխանում են արդյոք իրականությանը լուրերը, թե Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է»,- ընդգծեց Կոպիրկինը:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, որին ակնկալվում է, որ կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018թ. դեկտեմբերի 6-ի նիստին, որին մասնակցել են անդամ բոլոր երկրների ղեկավարները, որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին: