Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ շեշտեց Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն և ընտրված խափանման միջոցը վերացնելուն:

Դատախազը խնդրեց դատարանից մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Ըստ Սահմանադրական դատարանի' հետևանքները կարող են տեսականորեն առաջանալ այն դեպքում, երբ սովորական դատավարական ընթացակարգի պայմաններում կարձանագրվի, որ պաշտոնաթող նախագահը մեղադրվում է այնպիսի գործողությունների և արարքի մեջ, որի հետ կապված նա օժտված է գործառութային անձեռնմխելիությամբ: Այսինքն' այն դեպքում, երբ դա կապված է նրա կարգավիճակի հետ: Տվյալ դեպքում բոլոր իրավիճակներում, ի վերջո , դատարանները արձանագրել են, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողությունները չեն բխում նրա կարգավիճակից»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Դատախազի խոսքով' այդ հանգամանքն իրենց իրավասության սահմաններում գնահատել են նաև դատարանները:

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության նախնական և պարտադիր պահանջին, որում նաև խոսվում է Սահմանադրական դատարանի որոշման մեջ: Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա անձեռնմխելիությանը ու նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող: Հետևաբար' ՍԴ-ի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքերը չկան: Խնդրում ենք մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը»,- եզրափակեց Բաղդասարյանը: