Իշխանությունները հայտարարում են, որ այլևս չկան մենաշնորհներ ու կոռուպցիան, այդ դեպքում՝ ինչո՞ւ են ուշանում այդքան սպասված ներդրումները. այս հարցը հուզում է հանրության մի ստվար զանգվածի, որը լուրջ հույսեր էր կապում հեղափոխության հաղթանակի հետ: Շատերին թվում էր, որ երկրում օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի, իսկ կառավարությունը նույնիսկ ստիպված կլինի ընտրություն կատարել ներդրողների միջև։ Սա քաղաքական փոփոխությունների առաջին ամիսների մթնոլորտն էր։ Սակայն դա տեղի չունեցավ։ Դա տեղի չունեցավ նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա տեղի չի ունենա նաև առաջիկայում, եթե կառավարությունը շարունակի իր այն քայլերը, որոնք ուղղակի հարվածի տակ են դնում այդ պոտենցիալ ներդրումները և վանում են ներդրողին: Օրինակները բազմաթիվ են՝ Հարկային օրենսգիրք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախածի ընդունում, գույքահարկի ավելացում և ընդամենը երեկ արված վերջին շտրիխը՝ քայլ, որն ուղղված է Հայաստանում բանկային գատնիքի վերացմանը:
Նախատեսվում է այս կամ այն քրեական գործով զբաղվող քննիչների համար վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սահմանափակումը։ Ուզում է օրինականացնել այն, ինչն առանց այն էլ ապօրինի անում էր հեղաշրջումից մինչ օրս։ Մենք բազմիցս ենք ականատեսը եղել այն բանի, որ անգամ երկրի ղեկավարն է խոսում սրա-նրա՝ բանկերում պահված «միլիոնների» մասին։ Քաղաքացիներին էլ մնում է միայն մի բան՝ հանել գումարները բանկերից, իսկ ինչ վերաբերվում է ներդրողին, ապա վերջինս շատ երկար կարող է մտածել Հայաստան գալ-չգալու մասին, և այդպես էլ չգա:
Իհարկե, դա չի նշանակում, որ կառավարությունը որևէ քայլ չի անում ստեղծված իրավիճակը շտկելու համար: Կառավարությունը հավանություն է տվել շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու նախաձեռնությանը: Կառավարության առաջարկի իմաստը կայանում է նրանում, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք հետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա, ըստ էության, ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, ինչը լուրջ քայլ է կառավարության կողմից. նախկինում կառավարությունները երբեք նման քայլի չեն գնացել: Եվ իհարկե, այս քայլը պետք է առանձնահատուկ ընդգծել, որպես քայլ միտված տնտեսության ակտիվացմանը, միևնույն ժամանակ փաստենք՝ բացասական քայլերը ավելի շատ են և, կարելի է ասել, փակում են դրականները: Այս պարագայում սխալ է ակնկալել, որ ներդրումները կհոսեն Հայաստան, եթե կառավարությունը գործնականում անում է բիզնես միջավայրի առողջացմանը հակասող քայլեր: