ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեղյակ չեն, թե ինչու է Արթուր Վանեցյանը հրաժարական տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և թե ինչով է պայմանավորված վերջինիս հայտարարության բովանդակությունը:
Պատգամավորներն այս թեմայի մասին խոսեցին ԱԺ ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը շեշտեց՝ չի ենթադրվում, որ ամեն պատգամավոր պետք է իմանա հրաժարականի կամ ազատման նախապատմությունը:
«Հայտարարության տեքստը կարող է պայմանավորված լինել հարյուր բանով, կարող է պայմանավորված լինել լարված հարաբերություններով, նրանով, որ Վանեցյանը գտնում է, թե իշխանությունը առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի, իսկ իշխանությունը գտնում է, որ ունի, կարող է տարրական անհամաձայնության պատճառ լինել: Սակայն գուշակությամբ զբաղվելը շատ անշնորհակալ գործ է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ չգիտի, թե Վանեցյանի վերջին հայտարարության տեքստն ինչու է այդպես գրվել, հրաժարականին և ազատմանը բերած պատճառներին նույնպես հանգամանալից տեղյակ չէ:
Նա շեշտեց՝ կա իշխանությունների և գործառույթների բաժանում, մանրամասներն իրեն՝ որպես պատգամավորի հետաքրքիր չեն:
Արուսյակ Ջուլհակյանը ևս հավելյալ մեկնաբանություններ չտվեց: Նա նշեց՝ կարծում է, որ վարչապետն ու նրա խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել են թեմային: «Ինձ համար հստակ է, որ Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»,-նշեց Ջուլհակյանը: