Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը որոշում կայացրեց կալանքի տակ թողնել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ ոբերտ Քոչարյանին: Վերջինս էլ հայտարարեց, որ ինքը չէր կարող փախչել այս գործով քննությունից։

«Ես այն տեսակի մարդը չեմ, որը կարող է ինչ-որ բանից փախնել: Չկա սուբյեկտը, որի վրա պետք է ազդեի՝ ինչ-որ բան փոխելու համար: Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով իր կողմից դատաքննությանը խոչընդոտելուն՝ Քոչարյանն ասաց, որ այս քրեական գործով չկա այն սուբյեկտը, որի վրա ինքը կարող է ազդել։ Քոչարյանը նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին հորդորեց կարդալ քրեական գործի իրեն առնչվող երկու դրվագները և համոզվել՝ արդյոք ինքը մոտիվացիա ունի՞ այնպես անել, որ փոխեն ցուցմունքները գործով անցնող վկաները։

«Քրեական գործում ընդամենը կա երկու-երեք դրվագ, որ է ինձ առնչվում: Առաջինը հանդիպումն է բարձրագույն զինվորական կազմի հետ նախագահականում: Հարցաքննվել են 12-13 հոգի, ներկա եղել՝ մոտ 25-ը: Ես ուղղակի ելույթ եմ ունեցել: Որպես դատավոր՝ կարող եք ծանոթանալ ցուցմունքների հետ համոզվելու համար՝ ես ինչ-որ բան այստեղ փոխելու մտադրություն պետք է ունենամ, թե ոչ: Մյուս դրվագն այն է, որ կան ինձ հետ շփված-զրուցած մարդկանց ցուցմունքներ: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ քննարկել եմ արտակարգ դրության հրամանագիրը, իսկ Սերժ Սարգսյանին, որպես վարչապետ, զանգել եմ և համաձայնեցրել նրա հետ: Ոստիկանապետ Հայկ Հարությունյանն էլ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործողությունների մասով: Արմեն Գևորգյանին էլ հանձնարարվել էր հրամանագիրը պատրաստել: Վերջ: Չկա էլ մարդ, որը ինձ հետ շփված կլինի որևէ կերպ: Ես չեմ մերժում այդ ցուցմունքները, ես ինչո՞ւ պետք է ազդեմ: Ասել են այն, ինչ եղել է, բացի Արշակ Կարապետյանից, որը, ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, մի բան է ասել, որն իրականությանը չի համապատասխանում, թե իբրև ես բանավոր եմ հայտարարել արտակարգ դրություն, ինչն աբսուրդ է, որովհետև բանավոր չի լինում արտակարգ դրություն»,- ասաց նա: