Այսօր Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ով էլ իր հերթին այն ուղարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը ներկայացրեց հետագա անելիքների հաջորդականությունը իրավական տեսանկյունից: Փաստաբանը նշում է, որ եթե կան համապատասխան հիմքեր, հարցը ներկայացվում է ԱԺ օրակարգ, քննարկվում է, ապա փակ, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր 3/5-ով որոշում է կայացվում համապատասխան միջնորդությամբ դիմել Սահմանադրական դատարան։ Այդ դիմումից մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը կոնկրետ դատավորի լիազորությունները կասեցվում են։

Թե երբ հայտնի կլինի ՍԴ-ի վճիռը, փաստաբանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա կախված է աշխատանքի ընթացակարգից, թեպետ չի կարծում, որ սա այն հարցն է, որը պետք է դանդաղ կարգավորվի:

«Սահմանադրական դատարանում էլ է հարցը քվեարկության դրվում, և դատավորների զգալի թիվը պետք է կողմ լինի դատավորի լիազորությունների կասեցմանը»,- նշեց փաստաբանը։

 

Վարոսյանի անձնական տպավորությամբ՝ ՍԴ-ն կարող է և մերժել ԱԺ նախագծի օրինակը.

«Ես, իրականում, այս ամենի մեջ քաղաքական տարր եմ տեսնում։ Եթե անկեղծ՝ իրավական գործընթաց այստեղ չեմ տեսնում. սա ավելի քաղաքական է, քան՝ իրավական»։

Ըստ փաստաբանի՝ եթե Հրայր Թովմասյանը, ինչպես որոշ պաշտոնյաններ, համաձայներ դառնալ կամակատար, այսօր ոչ մի նման գործընթաց չէր լինի։

«Այս իրավիճակում կորչում է Դատական իշխանության անկախության իմաստը։ Եթե պետք է իշխանության մի թևը կարողանա մյուս թևի փոխարեն ամեն ինչ  որոշել, ապա մենք խաչ կքաշենք նաև իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը: