ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը իրականացվում է Սահմանադրական կարգով, սահմանված ընթացակարգով: Այս մասին ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Թեև նախագիծը Աժ-ինն է, բայց որոշումը ՍԴ-ինն է լինելու: Իհարկե, փորձ է կատարվում այս ամենի մեջ քաղաքական գործընթացներ տեսնել, մանիպուլյացիաներ անել: Բայց վստահեցնում եմ, որ մենք ընտրել ենք իրավական ուղին: Մենք անում ենք գործընթացի այն մասը, որի իրավունքն ունենք, ՍԴ-ն պետք է անի այն, ինչն իր իրավասության տիրույթում է»,- ասաց Վարդանյանը:
Ըստ նրա՝ ՍԴ- ն կարող է և մերժել նախագիծը: Նրանք չեն բացառում, որ դատավորների մեծամասնությունը կարող է և դեմ քվեարկել նախագծին:
«Ամեն դեպքում այս նախագիծը ինքնանպատակ չէ: Մեր խմբակցության մոտ կասկածներ էին առաջացրել ՍԴ-ում կայացված վճիռների արդարացիության մեջ: Այսինքն՝ այս գործընթացը ուղղված չէ հենց Թովմասյանին»,- ասաց նա:
Ըստ նրա՝ խմբակցությունը չգիտի, թե ինչ կլինի քննարկումների փուլում, քանի որ ամեն ինչ հնարավոր է: Միակ բանը, որ հաստատ գիտի, դա այն է, որ իրենց խմբակցությունը նման նախաձեռնության հիմքեր ունեցել է:
«Սա սպորտային միջոցառում չէ: Ունեցել ենք հիմքեր, դիմել ենք դատարան: Հաղթելու - պարտվելու խնդիր չկա: Մենք ունենք մի նպատակ՝ հասարակության համար թափանցիկ ու հասանելի դարձնել ՍԴ-ում կատարվող գործընթացները»,- նշեց Վարդանյանը:
Այն հարցին, թե Թովմասյանի վրա ճնշումներ կիրառվում են, թե ոչ, նա ասաց, որ դա միայն Թովմասյանը կիմանա: Իսկ ինքը նմանատիպ ինֆորմացիայի չի տիրապետում:
Վարդանյանն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հայտարարությանը՝ եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք», և նշեց, որ պարոն Աղազարյանը իր անձնական կարծիքն է հայտնել, որ ոչ մի կապ չունի խմբակցության որոշման հետ, իսկ այդ կարծիքը էմոցիոնալ է: