Ես հակված չեմ թերագնահատելու այն, ինչ արվում է, բայց կարծում եմ՝ մենք ավելին ենք կարող։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Ըստ բանախոսի՝ պետք է հստակ առանձնացվի այն, ինչ պետք է անի կառավարությունը և այն, ինչ պետք է անի ձեռներեցը։ Միկրո մակարդակում մարդիկ պետք է ազատվեն հին մտածողությունից, քանի որ դրանից տնտեսությունը չի շահի, իսկ մակրո մակարդակում կառավարությունը պետք է առանձնացնի այն հիմնական ընկերությունները, որոնք դրոշակակիր են և աջակցի։

«Մեր պետությունում ստեղծված ապրանքները լուրջ գովազդի կարիք ունեն։ Հատկապես նոր ձեռնարկությունները գոնե բարոյական աջակցության կարիք ունեն»,- ասաց Մանասերյանը։

Տնտեսագետը բերեց Թայլանդի օրինակը, երբ ամեն մի համայնք որոշեց՝ որն է իր համայնքի լավագույն ապրանքը, իսկ պետությունը աջակցեց նրանց։ Շատ արագ տեմպերով նրանք սկսեցին առաջ գնալ։

«Պետք է մրցունակ լինենք։ Պետությունն ու արտադրողները պետք է համագործակցեն։ Այս դեպքում արդյունքն ավելի շուտ կլինի»,-ասաց տնտեսագետը։

Տնտեսագետը անդրադարձավ նաև բանկային գաղտնիքի օրենքի փոփոխությանը, որով նախատեսվում է բանկային տվյալների հասանելիությունը հեշտացնելը․ «Կան, իհարկե, խնդիրներ ու մտահոգություններ, բայց դա չափազանցված է։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա գաղտնազերծման, երբ արդեն այլ լուծումներ հնարավոր չէ գտնել։ Եվ դա պետք է արվի միմիայն ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում»։

Ըստ նրա՝ սա պայքարի միակ ձևն է՝ պայքարելու այն մեխանիզմների դեմ, որոնք տասնամյակներով են ձևավորվել։ «Մենք պետք է համակերպվենք իրավիճակի հետ։ Միամիտ չլինենք՝ մտածելով, թե ամեն ինչ վերացել է կամ վերանում է։ Հաշիվների գաղտնազերծման միջազգային փորձին ես ծանոթ եմ։ Շատ երկրներ չէին ունենա այնպիսի բարձր վարկանիշ, ինչպիսին ունեն, եթե այդ նույն մեխանիզմը չլիներ։ Բայց, այնուամենայնիվ, բոլոր լուծումները պետք է լինեն ընդունելի»,- նշեց տնտեսագետը։

Ըստ տնտեսագետի՝ շատ վտանգավոր է, որ այսօր կարևոր, պատասխանատու պաշտոններ ունեն մարդիկ, ովքեր առանց քաղաքական հետագծի են․ «Անգամ ԱԺ անվտանգության աշխատողները նրանց չեն ճանաչում։ Նրանք կարող են շատ նախագծեր տապալել։ Սա արդեն զավեշտ է»,- ասում է նա։

«Ի՞նչ է՝ կարծում եք հեղափոխության առաջնագծում եղած մարդիկ չե՞ն հիասթափվում։ Մենք պետք է իմանանք, թե ինչ է կատարվում, ցանկացած օղակից, յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղեկացված լինի»,-ասաց Մանասերյանը։

Տնտեսագետը անդրադարձավ նաև Ամուլսարի հարցին՝ նշելով, որ այս հարցում անտեսվում է մարդու կամքը, որը, ըստ բանախոսի, ամենակարևորը պետք է լինի։