Վկաների իրավուքներից, պետության կողմից վկաների իրավունքների պաշտպանությունից ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց փաստաբան Արա Ղազարյանի հետ։

«Կա այսպես կոչված վկայի պաշտպանության ծրագիր, որի գործառույթն հետևյալն է՝ վկայի անուն-ազգանունը, հասցեն ու մի քանի այլ տվյալներ գաղտնիացվում են, այսինքն՝ փոխվում են այլ տվյալներով, որպեսզի չիմանանք, թե որ վկան է այդ ցուցմունքը տվել»,- պարզաբանում է փաստաբանը։

Ըստ Ղազարյանի՝ եթե վկան չի ցանկանում, որ իր դեմքը տեսնեն, ապա ցուցմունք կարող է տալ դիմակով, որն ամբողջովին ընդունելի է։ Ըստ ցանկության՝ վկան կարող է նաև հեռախոսով ցուցմունք տալ, ընդ որում՝ փոխված ձայնով։ Նա նշում է, որ նմանատիպ պրակտիկա ևս կա ու կիրառվում է մեզ մոտ։ Փաստաբանը նշում է, որ այս գործընթացում ամենակարևորը դատավորի գործառույթն է, ով ստուգում է վկայի անձը՝ որպես երաշխիք խախատումների դեմ, և անցնում են հարցաքննության։ Սրանք վաղուց կիրառվող մեթոդներ են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

«Որոշում կայացնողը քննություն իրականացնող մարմինն է՝ քննիչը, դատախազի հետ միասին։ Եթե կոնկրետ վկան ասում է, որ ցուցմունք չի տա մինչև իր անվտանգությունը չապահովվի, այդ դեպքում նրա անվտանգությունն ապահովում են»,- նշում է փաստաբանը։

Ըստ Ղազարյանի՝ վկաների իրավուքները պաշտպանված են, քանի որ կա ընթացակարգ ու պրակտիկա։ Ու ամենակարևորը՝ դա կիրառվում է ու մեծ խնդիրներ չի առաջացնում։

«Եթե վկան զգում է, որ իրեն հետապնդում են կամ գաղտնալսում, ապա այդ հարցը կարգավորում է ոստիկանությունը, քանի որ այդ գործընթացը չի մտնում դատավարության մեջ։ Դա արվում է ընդհանուր կարգով. եթե քաղաքացու կյանքը վտանգված է, դիմում է ոստիկանություն։ Իսկ եթե նա քրեական դատավարության շրջանակներում է վկա, ապա արդեն քննիչն է այդ հարցը լուծում»,- նշում է Ղազարյանը։

Ըստ փաստաբանի՝ կան մի քանի առանցքային կետեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր վկա․ «Վկան իր մասին տրված հարցերին կարող է չպատասխանել, նա պարտավոր է ներկայանալ, եթե քննիչը պահանջում է, պարտավոր է ցուցմունք տալ և ամենակարևորը՝ չստի, դա խրոնիկ, տարածված հիվանդություն է ՀՀ-ում»,- խոսքն ամփոփելով՝ ասաց փաստաբանը։