Գազի գնի թանկացման մասին լուրերը չեն դադարում մնալ մամուլի գլխավոր էջերում: Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում գազի սակագնի բարձրացման մասին լոբբինգը անում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, թեև գնի տատանման մասին պաշտոնական աղբյուրները դեռևս լռում են:
Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը զրուցել է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանի հետ: Ոլորտի փորձագետն անդրադարձել է գազի գնի տատանումների տնտեսական և քաղաքական պատճառներին՝ թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային մակարդակում:
-Գազի գնի տատանման մասին վերջերս անընդհատ լուրեր են շրջանառվում: Ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, ոչ պաշտոնական հայտարարություններ են արվում գազի գնի թանկացման մասին: Ինչո՞վ է պայմանավորված սա, կա՞ն արդյոք հիմնավոր պատճառներ թեման օրակարգ մտցնելու:
-Այս առումով ես ունեմ որոշակի տեղեկատվություն առ այն, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանի և Մոսկվայի միջև ընթացող գազային բանակցությունների շրջանակներում Գազպրոմի կողմից առաջարկվել է գազի գինը բարձրացնել Հայաստանի համար 2020 թ-ի հունվարի 1-ից մոտ 40 դոլարով, այսինքն՝ 1 խմ գազի գինը հասցնել 200-205 դոլարի: Ակնհայտ է, որ սա ճգնաժամային կլինի Հայաստանի համար, և այլևս երկրի ներսում հնարավոր չի լինի զսպել սակագների աճը, ինչպես դա հաջողվեց անել 2019 թ-ին, բայց հստակ ասել, թե բանակցություններն ուր տարան, չեմ կարող: Պուտինի այցից հետո երևի ինչ-որ հստակեցումներ կլինեն, չնյաած այս հարցում Ռուսաստանը չափազանց անկանխատեսելի է:
-Մեկ տարի էլ չի անցել, ինչ Ռուսաստանը թանկացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը' 150-ը դարձնելով 165, հիմա նորից գների բարձրացման առաջարկ է եղել. սա արդյո՞ք ճնշող քաղաքականություն չէ Հայաստանի դեմ:
-Օբյեկտիվության համար եկեք խնդիրը բաժանենք միանգամից երկու բաղադրիչի՝ տնտեսական և քաղաքական: Տնտեսականին անդրադառնալիս միանգամից եկեք արձանագրենք, որ Հայաստանը պիտի փորձի ադապտացվել գազի շուկաներում տիրող անկայունությանը, ինչը ուղղակիորեն անդրադառնում է սակագնային քաղաքականության վրա: Այստեղ պիտի փաստենք, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում նկատվում է Ռուսաստանից արտահանվող գազի գնի աճ, մասնավորապես, երբ ամփոփում ենք 2018 թ-ի տվյալները, ապա տեսնում ենք, որ Ռուսաստանից արտահանվող գազի գինը աճել է միջինը 25 տոկոսով՝ հասնելով մոտ 240 դոլարի: Հաշվի ենք առնում նաև նավթի շուկայում առկա միտումները, որոնք միշտ անդրադարձ են ունենում գազի շուկայի վրա՝ մասնավորապես գնագոյացման հարցում: Գումարում ենք նաև միջազգային պատժամիջոցները, Ռուսաստանի կողմից միջազգային նշանակության ենթակառուցվաշքային բազմամիլիարդանոց նախագծերի նախաձեռնումը, և ստանում ենք մի պատկեր, որի շրջանակներում Ռուսաստանը ստիպված է գնալ գազի գնի բարձրացման հետխորհրդային տարածաշրջանում: Այս ամենի արտահայտումը կարող ենք տեսնել նաև Ռուսաստանում, 2018 թ-ին Ռուսաստանի ներսում գազի գինը բարձրացավ 3 տոկոսով, այս տարվա հուլիսին բարձրացավ 1.5 տոկոսով, այսինքն՝ սա ունի օրգանական տնտեսական նախադրյալներ, որոնք անպայման մենք պետք է հաշվի առնենք:
Երկրորդ բաղադրիչ, ինչպես ասասցի, քաղաքականն է, որի շուրջ զարգանում են հիմնական ինտրիգները: Ռուսաստնը գազի գինն օգտագործում է, որպես աշխարհաքաղաքական գործիք: Հաշվի առնելով այն, որ ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները, չնայած հնչեցվող հուսադրող պաշտոնական հայտարարությունների, այնուամենայնիվ ունեն ակներև ճեղքեր, ունեն որոշակի խորքային խնդիրներ, չի բացառվում, որ Մոսկվան հերթական անգամ Հայաստանի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառի գազի գնի թանկացումը:
-Անցած տարի, երբ 15 դոլարով գազի թանկացումը բնակչության վրա անդրադարձ չունեցավ, որովհետև «Գազպրոմ Արմենիան» իր ներքին միջոցներով վճարեց այդ գումարը: Ի՞նչ կլինի այս անգամ, եթե Ռուսաստանն իրոք որոշի բարձրացնել գազի գինը:
-«Գազպրոմ Արմենիան», փաստորեն, իր ներքին միջոցների հաշվին կարողացավ կոնպենսացնել անցած տարվա գազի գնաճը՝ թույլ չտալով երկրի ներսում սակագնի աճին, դա նախ և առաջ բերեց մի շարք խորքային խնդիրների Գազպրոմի դեպքում, որի արդյունքում մենք այսօր լսում ենք նրանց ղեկավարության կողմից, որ ընկերությունն այլևս ոչ միայն չի պատրաստվում, այլ նաև ի վիճակի չէ այս իրավիճակը պահպանելու: Պատահական չեն մոտ հազար աշխատակիցների կրճատումները: Պատահական չէ, որ շրջանառվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրի արմատական վերանայման հարցը, ինչը ևս իր մեջ անվտանգային խնդիրներ է պարունակում, որովհետև, երբ մենք խոսում ենք այն մասին, որ կորուստները գազատրանսպորտային համակարգում նվազել են, սա իրականում հետևանք է ներդրումային քաղաքականության, եթե ներդրումային քաղաքականությունը էապես կրճատվի, ապա գազատրանսպորտային համակարգում մոդեռնիզացիան ևս բավականին զուսպ և դանդաղ տեմպերով կիրականացվի: «Գազպրոմ Արմենիա»-ի հռետորաբանությունից ելնելով՝ կարող ենք ասել, որ ընկերությունը այլևս չի կարողանա սեփական միջոցների հաշվին զսպել սակագների աճը:
-Այս պարագայում, եթե ռեալ գնահատական տանք իրավիճակին, ապա ի՞նչ սցենարով կզարգանա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, խնդիրն ինչ եղանակով կլուծվի ըստ ձեզ:
-Այստեղ կարող է գործել երկու տարբերակ: Առաջին, որ պետությունը կսուբսիդավորի գինը, ինչը ես քիչ հավանական եմ համարում, որովհետև մենք չունենք նմանատիպ ռեզերվային միջոցներ, որպիսի կարողանանք պետական մակարդակով նման սուբսիդավորում իրականացնել: Երկրորդ տարբերակն էլ, որ կիրառվի 2012-2013 թթ-ի փորձը, որով երկու պետությունները եկել էին համաձայնության, որով երկրի ներսում գազի գինը պահպանվում է, բայց դրա դիմաց Ռուսական կողմին են փոխանցվում ինչ-ինչ ենթակառուցվածքներ, ինչ-ինչ գեներացիոն հզորություններ:
-Այլ երկրներում նույնպե՞ս սպասվում է գնային աճ, թե՞ միայն Հայաստանն է այս խնդրով մասնակցում բանակցային սեղանին:
-Ռուսաստանը այսպիսի քաղաքականություն է վարում նաև Բելոռուսի հետ: Պատահական չէ, որ պաշտոնական Մինսկը վերջերս որոշում կայացրեց իր տարածքով ռուսական նավթի տարանցման սակագները էապես բարձրացնելու մասին: Սա խոսում է այն մասին, որ Մինսկի և Մոսկվայի միջև հասունանում էներգետիկ, գազային և նավթային պատերազմ: Բայց եկեք հարցը չնեղացնենք՝ խոսելով միայն Բելոռուսի և Հայաստանի մասին: Ռուսաստանն այսօր մտել է շատ լուրջ աշխարհաքաղաքական խաղի մեջ, և Ռուսաստանին անհրաժեշտ է շատ ավելի հարմար գներով գազ արտահանել Եվրոպա՝ անգամ հաճախ կրելով որոշակի կորուստներ, որովհետև Եվրոպայում վերջին շրջանում նկատվում է շատ լուրջ մրցակցություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Երկուսն էլ այնտեղ գազ մատակարարողներ են: Սա պարզապես մրցակցություն չէ, սա լուրջ աշխարհաքաղաքական պայքար է: Ռուսաստանն իր դիրքերը Եվրոպայում հաստատուն պահելու համար շատ ցածր գներով է գազ մատակարարում, կրում է կորուստներ, իսկ սրա փոխարեն իր սոցիալ-տնտեսական հավասարակշռությունը բալանսավորում է հետխորհրդային տարածաշրջանում մատակարարվող գազի գնի բարձացմամբ:
Աիդա Կիրակոսյան