ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքը դրական է գնահատում։

«Արմավիրի մարզի մեկ համայնքում ավագանու, իսկ 4 համայնքում ղեկավարի ընտրությունները բոլոր ընտրատեղամասերում ընթացել է շատ լավ, եղել են մեկ-երկու խոչըդոտների կամ խախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Հստակ չեմ տիրապետում, քանի որ մանր խախտումների մասին է խոսքը, և հանձնաժողովը զբաղվում է դրանով։ Արդեն ունենք ընտրված համայնքապետեր և ավագանի, որոնց հետ շուտով հանդիպում կունենանք»,- ասաց նա։

Ընտրված անձանց հետ կապված դժգոհություններ եղե՞լ են, թե՞ ոչ՝ հարցին ի պատասխան Մաթևոսյանն ասաց, որ ընտրվել են մարդիկ, որոնց օգտին քվեարկել է մեծամասնությունը։ Նրա խոսքով՝ միշտ կլինեն մարդիկ, ովքեր իրենց համայնքներում ներկայացնում են փոքրամասնություն, և բնականաբար կդժգոհեն, քանի որ իրենց նախընտրած թեկնածուն չի անցել, և հենց դրա համար էլ նախատեսված են ընտրությունները, որ մեծամասնության քվեով որոշվի՝ ով է նախընտրելի թեկնածուն տվյալ համայնքում։

Նկատենք, որ քննարկվեց հատկապես Փարաքարում համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Մինասյանի ընտրությունը։ Մամուլը գրեց այն մասին, որ Մինասյանը նախկինում 5 տարի ազատազրկման է դատապարտված եղել։ Մարզպետից հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում այս հանգամանքին․ «Տվյալ անձին ես անձամբ չեմ ճանաչում։ Տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլում շրջանառվող լուրերը, ես որևիցե փաստաթուղթ չեմ տեսել և որևէ տեղեկության չեմ տիրապետում»։

Մեր դիտարկմանը, թե ինֆորմացիան բաց է, և այդ մասին կա դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, մարզպետը պատասխանեց․ «Անկախ ամեն ինչից, որոշողը համայնքի բնակիչներն են, մարզպետը կամ կառավարությունը չի որոշում։ Օրենքով սահմանված կարգով ցանկացածը, ով համապատասխանում է տվյալ օրենքներին, կարող է մասնակցել ընտրություններին՝ որպես թեկնածու։ Փաստորեն, Փարաքար համայնքի բնակիչները որոշում են կայացրել, որ ինքը պետք է ընտրվի»,- նշեց նա։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում նախկինում տարիներ շարունակ դատապարտվածություն ունեցող անձի ընտրությանը, Մաթևոսյանն ասաց․ «Ես նորմալ եմ համարում, որ համայնքի բնակիչները որոշում են, թե ով լինի իրենց համայնքի ղեկավարը անկախ նրանից, թե ինչ անցյալ, կուսակցական պատկանելիություն կամ սեռ ունի ընտրված անձը։ Եթե ես իմ լիազորության շրջանակներում նշանակեմ որևիցե պաշտոնյայի, այդ ժամանակ ուրիշ ձև կպատասխանեմ Ձեր հարցին, բայց քանի որ խոսքը վերաբերում է համայնքային ընտրովի պաշտոններին, կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք տվյալ համայնքի բնակիչներին»,- նշեց Արմավիրի մարզպետը։

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթած նախկինում ազատազրկված 32-ամյա Դավիթ Մինասյանի օգտին քվեարկել է 1111 ընտրող։

Սոնա Հարությունյան