«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների ու Սերժ Սարգսյանի պատասխան նամակի թեմայով բանավեճ էին ծավալել «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ու ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինս նշեց, որ իշխանությունը պատրաստ է գնալ ձեռք սեղմելու ճանապարհով, ամեն ինչ պետք է դնել կլոր սեղանի շուրջ, պետք է քննարկել:
«Հանուն մեր պետության զարգացման, իշխանությունը կարող է, ինչո՞ւ չէ, մեկ քայլ հետ գնալ, բայց ընդդիմությունն էլ պետք է արժանապատվորեն ընդունի մեկ քայլ հետը: Մեր երկրում ընդդիմությունը, չգիտես ինչու, անընդհատ քննադատում, քարկոծում ու սևացնում է իշխանությանը: Դա դարձրել են գործելաոճ՝ չնշելով ոչ մի դրական բան: Մենք պետք է ձերբազատվենք նման արատից ու առողջ քննադատությամբ գնանք առաջ: Իսկապես, Րաֆֆի Հովհաննիսյանի առջև ոչ մի խոչընդոտ չի դրվել հանրահավաքներ կազմակերպելու առումով, բայց հացադուլը ծայրահեղ քայլ է, և Սերժ Սարգսյանի առաջարկը՝ դադարեցնել հացադուլը, երկխոսության ճանապարհին կարևոր քայլ է: Բայց այն, որ ընդդիմությունն ասում է, որ 37 տոկոս ընտրազանգվածը չի ընդունելու իշխանությանը և ձևավորելու է կառավարություն, դա նմանվում է աղանդավորական շարժման, որը չի ընդունում բանակ, դպրոց և առհասարակ պետական կառույցները»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հովհաննես Սահակյանը ցավում է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, ասելիք չունենալու պատճառով, ավելի են թունավորում մթնոլորտը՝ փորձելով շահարկել Սերժ Սարգսյանի հորդորը՝ հացադուլ դադարեցնելու մասով, կամ շահարկում են «սոված մարդ» արտահայտությունը:
Ստյոպա Սաֆարյանը հակադարձեց Հովհաննես Սահակայնին' ասելով. «Պետք չի էլի առաջնորդվել տատիկի ասած պատվիրաններով», ինչին Հովհաննես Սահակյանը պատասխանեց.«Տատիկի պատվիրանին էլ կանդրադառնանք, մեծ պապեի շարֆին էլ, մեծ մամեի գործած եռագույն խալուն էլ»:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը մեկ ընդհանուր խնդիր ունեն. իսկապես, ժամանակը քիչ է ու պետք է երկկողմանի ռացիոնալ քայլեր ձեռնարկվեն: Ըստ Հովհաննես Սահակյանի' Սերժ Սարգսյանի նամակը բավական կարևոր շեշտադրումներ է պարունակում:
«Մենք հասկանում ենք, որ ուժեղ ընդդիմությունը երկրի կարևորագույն օղակն է, որը ոչ միայն քննադատելով է զբաղված լինելու, այլ ներկայացնելու է կոնստրուկտիվ առաջարկներ, դրանով է պայմանավորված Սերժ Սարգսյանի այն խոսքը, որ իրեն ուրախացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամությունը: Հուսով եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան քայլ կանի, որի արդյունքում շատ խնդիրներ կլուծվեն: Անկեղծորեն եմ ասում, որ հարթակը փոխվել է, այն առումով, որ կողմերը կնստեն, կզրուցեն ու դրա արդյունքը, հուսով եմ, կլինի այն, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ Ստյոպա Սաֆարյանը ավելի գոհ կլինի»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:
Մելանյա Մելքումյան