Երեկ համացանցում տարածվեց լուր, որ Երևանի պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 4-ին նախատեսված է լեհական «Vader» ռոք խմբի համերգը։ Ամեն ինչ խաղաղ կընթանար, եթե չպարզվեր, որ խմբի մենակատարը սատանիստ է։ Ժամեր անց հայտնի դարձավ, որ համերգը չեղարկվել է։ Պարզաբանումներ ստանալու և իրավիճակը ամբողջությամբ հասկանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։

«Թատրոնում մշտապես կազմակերպվում են ռոք համերգներ, ջազ համերգներ և երբևիցե արգելք չի եղել։ Եղել է պայմանավորվածություն կազմակերպելու ռոք համերգ։ Ցավոք սրտի, ես միայն վերջում իմացա, թե դա ինչ խումբ է։ Ինձ համար երկու կարևոր փաստ եկան իրար հակասելու։ Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես թատրոնը հեռու եմ պահել ամեն տեսակ քարոզչություններից՝ լինի դա կուսակցական, թե կրոնական, իսկ այս խումբը ունի վառ արտահայտված սատանիստական քարոզչություն»,- նշեց Բաբայանը։

Ըստ նրա՝ յուրաքանչյուր խումբ ազատ է ներկայացնելու իր մշակույթը։ Սակայն այս խումբն ունի սատանիստական ուղղվածություն և այդ մասին  բացահայտորեն ասում են հարցազրույցներում։

 

«Ես պետք է իմ սկզբունքներից մեկը դավաճանեի։ Այս պարագայում գերադասեցի թատրոնը հեռու պահել քարոզչությունից և չեղարկեցինք այդ համերգը»,- նշեց նա։

Բաբայանը նշում է, որ ճիշտ է, շատ արագ որոշեց չեղարկել համերգը, բայց հասարակության լայն շերտերի բացասական արձագանքն իր սրտով չէ․ «Սա ցույց տվեց, որ տխուր վիճակում ենք։ Մենք դատապարտում ենք և փորձում ենք որոշակի գրաքննության ենթարկել տարբեր տեսակի մշակութային միջոցառումները։ Հաճախ արվեստը ընկալում ենք ոչ որպես արվեստ։ Ես ռոքի սիրահար չեմ, բայց միշտ տվել եմ հնարավորություն, որպեսզի ռոք խմբերը հանդես գան։ Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի ռոքը Հայաստանում զարգանա, ոչ թե մահանա»։

«Այս հարցում իմ մեղավորությունն այն, որ ես նախօրոք չեմ ծանոթացել խմբի պատմությանը, չեմ իմացել, թե ինչ ուղղվածություն ունեն նրանք։ Երբ աղմուկ բարձրացավ, լսեցի խմբի մենակատարի հարցազրույցները։ Բացահայտ ասում էր, որ սատանիստ է ու իր գործունեությունն ուղղված է սատանիստական գաղափարներ տարածելուն։ Սա դեմ էր իմ սկզբունքին՝ թատրոնում չպետք է լինի քարոզչություն»,- նշեց նա։

 

Բաբայանը չի բացառում, որ հնարավոր է համերգը չեղարկելու համար իրեն քննադատաողներ էլ լինեն․«Կարծում եմ՝ նմանատիպ միջոցառումներ անցկացնելու համար հաստատ ուրիշ վայրեր կգտնվեն»։