«Տելեմաք Գազ» ՍՊԸ-ի փաստաբան Վահրամ Մարգարյանը դիմել է ԼՈՒՐԵՐ․com և պատմել, որ ՍՊԸ-ն 2013թ․ վարձակալության հիմունքներով շահագործել է Տավուշի մարզի Հաղթանակ, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքների տարածքներում և Սևան քաղաքի վարչական տարածքում գտնվող 3 ԱԳԼՃԿ-ները։ Սակայն վարձակալության պայմանագիրը գրելուց հետո, «Գազպրոմ Արմենիան» պայմանագրում փոփոխություններ է կատարել՝ փոխելով հաշվիչի տիպաչափը, ինչի հետևանքով ընկերությունը վնասներ է կրել։

 

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն RPT-3 G-160 տիպի հաշվիչներ նախատեսել է 2013թ․ պայմանագրերով և դրանք տեղադրվել են պայմանագրերը կնքելու ժամանակ և ոչ թե հետո։ Հաշվիչի տիպաչափը նշվում է G-160 կամ G-250 կամ G-650: ԱԳԼՃԿ-ների միջին ծախսը կազմել է նվազագույնը՝ Qmin=350 -400 մ.խոր/ ժամ, իսկ առավելագույն ծախսը՝ Qmax=800 -1000 մ.խոր./ժամ, դա այն դեպքում, երբ RPT-3 G-160 տիպաչափի հաշվիչի տեխնիկական հնարավորություննրն են՝ նվազագույն ծախսը՝ Qmin=25 մ.խոր./ժամ, իսկ առավելագույն ծախսը՝ 250 մ.խոր/ժամ։ Ակնհայտ է G-160 տիպաչափի հաշվիչը նախատեսված չէ նման մի քանի անգամ գերազանցող գազի առավելագույն ծախս հաշվառելու համար։ Հաշվիչը տեխնիկական հնարավորությունը գազի սպառման ծախսի տիրույթը չի ծածկում, ինչը ՊՐ 50.2.019-96 չափաբանության կանոնների 6.1.3 կետի պահանջների կոպիտ խախտում է»,- ասաց Մարգարյանը։

Նա նշեց՝ իրենց պահանջն է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օբյեկտիվ որոշում կայացնի և պարտավորեցնի «Գազպրոմին» տեղադրել այն հաշվիչը, որը համապատասխանում է իրենց ծախսին։ 

 
 
Փաստաբանի խոսքով՝ դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սակայն հարցը ձգձգվել է 3 ամիս․ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հարցի քննարկումը սկսվել է 06.03.2019 թվականից և մինչ օրս շարունակվում է։ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարը կեղծ տեղեկանքը տվել է 06.05.2019թ։ Դիմել ենք տարբեր մարմիններ, բայց մեկը մյուսի վրա է գցում, ինչպես ասում են՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, թե ո՞վ է կանգնած «Գազպրոմի» մեջքին չեմ հասկանում։ Դիմել ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտ, քանի որ նրանք են գիտնականներ պատրաստում։ Այստեղից եզրակացություն տվեցին, որ մենք ճիշտ ենք և հաշվիչը չի համապատասխանում չափանիշներին»,- նշեց «Տելեմաք Գազ» ՍՊԸ-ի փաստաբան Վահրամ Մարգարյանը՝ ընդգծելով, որ այն ինչ տեղի է ունենում կոռուպցիայի կլասիկ օրինակ է, ինչի հետևանքով ընկերությունը վնասներ է կրել։