Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:
Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու:
Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր առաքելությունը։ Ուսուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է չվհատվել դժվարություններից, երազանք կառուցել և գնալ դրա ետևից, հավատալ ու հաղթել:
Վստահ եմ, որ սերունդներ կրթելու պատասխանատու գործը դուք կատարում եք առանձնակի սիրով ու նվիրումով: Գիտելիքները, որ տալիս եք ձեր սաներին, նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի ձևավորման ու կայացման հիմնաքարն է:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կատարած գործի համար, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր կարևոր աշխատանքում»: