Հայաստանի նոր իշխանությունների մոտ, եթե մի բան էլ հոյակապ է ստացվում, ապա դա միանշանակ նախկինների ձեռքբերումները անխնա յուրացնելն է: Արդեն երկու օր է իշխանական ֆեյքերը լծվել են սուրբ գործի՝ բոլոր հնարավոր և անհնարին գովասանքները հղելով առ Նիկոլ Փաշինյան և վերջինիս թիմ՝ Հայաստանում նման մասշտաբի և որակի IT ֆորում կազմակերպելու համար: Իրականում գաղտնիք չէ, որ նման ֆորումի գաղափարը առաջացել է դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին, հիմնական բանակցություններն էլ տարվել են Կարեն Կարապետյանի կառավարման շրջանում: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը ընդունում է այսպես ասած պատրաստի պրոդուկտ և դա ամեն գնով փորձում ներկայացնել իբրև սեփական քաղաքական ձեռքբերում:

Նույն պատմությունն էր նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման օրերին, երբ նոր իշխանության ներկայացուցիչների գլուխները այնքան էր պտտվել աստեղային ժամից, որ մոռացել էին անգամ հիշատակեին, թե ով է Ֆրանկոֆոնիայի համաժողովը բերել Հայաստան: Քաղաքական պլագիատի ավելի փոքր ու տեղական դեպքերը էլ ավելի շատ են՝ երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիպոթեքային վարկերից մինչև վերջին ԵԱՏՄ նիստի անցկացումը Երևանում, որը նույնպես ծրագրավորվել և կազմակերպվել է դեռևս նախորդ կառավարության օրոք: Չմոռանանք նաև Սինգապուրի հետ այդքան փիառված պայմանագրերի կնքումը, որոնք նույնպես բանակցվել են դեռևս Կարեն Կարապետյանի ՝ Սինգապուր կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Չինաստանի առաջարկը՝ ֆինանսավորել ՀՀ-Իրան երկաթգծի կառուցման մի մասը, նույնպես արվել է դեռևս Սերժ Սարգսյանի՝ Պեկին կատարած այցի ժամանակ: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ սեփական պրոդուկտ է տվել այս քաղաքական թիմը, որտե՞ղ է նրա կրեատիվը, ի՞նչ ծրագիր է սկսել զրոյից և հասցրել որոշակի կետի: Արդյո՞ք այդ ծրագրերը խոստացված, բայց այդպես էլ չբացված գործարաններն են: Կամ եթե խոսենք միջազգային հարթակի մասին, ինչպե՞ս և ինչ ձևով են այստեղ ՀՀ նոր իշխանությունները համագործակցության եզրեր գտել և դիվիդենտներ բերել Հայաստանին, իհարկե դաշնակիցների կողմից կազմակերպած ընթրիքի ընթացքում սեղանի «լուսանցքում» հայտնվելուց զատ…