Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողով ներկա է գտնվել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։
Նրա խոսքով՝ համաժողովի անցկացման գաղափարը ծնվել է մոտ երկու տարի առաջ, իսկ գաղափարի իրագործումը Արցախի եւ ՀՅԴ-ի արդյունավետ համագործակցության արդյունքն է։
«Մենք շնորհակալ ենք ձեզ բոլորիդ այն բանի համար, որ եղել եք մեր կողքին, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է։ Դուք նպաստում եք կապերի զարգացմանը։ Ձեր ավանդը Արցախի զարգացման գործում անգնահատելի է։ Անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին։ Դրա հիմքում է հավատարմությունն ընդհանուր արժեքներին եւ արդարության, խաղաղության եւ զարգացման ձգտումը։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի կարծիքներ փոխանակենք, եւ հույս ունեմ, որ արդյունքների հիման վրա կստեղծվի մշտապես գործող հարթակ։ Հույս ունեմ, որ դա կդառնա ուղերձ այն մասին, որ Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի են։ Մեր խորին համոզմամբ՝ մեկուսացումը պատերազմի շարունակումն է։ Այնինչ, համագործակցությունը խաղաղության հիմքն է, եւ մեր ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այդ հիմքի ամրապնդման ուղղությամբ, հանուն տարածաշրջանի ապագայի, համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- ասել է Մասիս Մայիլյանը։