«Խաղաղ ցույցեր, ինքնաբուխ ակցիաներ կարող են լինել, այդ սցենարը չեմ բացառում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՍԴ երեկվա աշխատակարգային նիստում կայացված որոշմանը, որով մերժվեց «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։
Թե ինչ հիմքերով Սահմանադրական դատարանը վարույթ չընդունեց ԱԺ որոշումը, պատգամավորը չի ուզում ենթադրել, սակայն բացատրում է. «Սահմանադրական դատարանը չընտրեց ինքնամաքրվելու ճանապարհը և դա այդպես չի մնա: Նոր զարգացումներ են լինելու»:
Նոր զարգացումների մասին ևս հստակ խոսել չցանկացավ, միայն պնդեց, որ ոչինչ պետք չէ բացառել. «Դեռ քննարկում չենք ունեցել խմբակցությունում, այդ պատճառով հստակ չեմ կարող ասել՝ ինչ քայլերի կդիմենք: Բայց ոչինչ չեմ բացառում, բացի մեր կողմից որևէ բռնի գործողության դիմելը: Չեմ բացառում նաև, որ ժողովրդի կողմից կշրջափակվի Սահմանադրական դատարանը: Ասածս իմ կարծիքն է բացառապես»: