Հայաստանի նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը, որն այդ պաշտոնին էր նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ի հունիսի 11-ին: Շատերի կարծիքով, Հայրապետովի հեռանալը ունի նույն խորքային պատճառները, ինչ ուժային բլոկի մյուս երկու ներկայացուցիչներինը՝ Օսիպյանինը ու Վանեցյանինը: Սակայն ուշագրավ է, որ Հայրապետովը հեռանում է առանց ակնարկների և քաղաքական հայտարարությունների, ինչպես օրինակ դա արեցին մյուս երկուսը:

Ո՞րն է ի վերջո իր գործի պրոֆեսիոնալի ազատման պատճառը: Հասկանալի է, որ Փաշինյանին ուժային բլոկում պետք են վստահելի մարդիկ, յուրայիններ, այս համատեքստում Հայրապետովի հեռանալը կարող էր նախաձեռնված լինել ԱԱԾ պետի պաշտոնակատարի կողմից, ում Փաշինյանը ինչպես երևում է քարտ-բլանշ է տվել ազատվել համակարգի, այսպես ասած, հին և անվստահելի կադրերից: Սակայն հարց է՝ ինչո՞ւ հենց հիմա Հայրապետովը դարձավ անվստահելի: Նրան էլ, ինչպես և Օսիպյանին ու Վանեցյանին, մի քանի ամիս առաջ շնորհվեց գեներալի կոչում, ինչպես ասում են՝ այդ ժամանակ դեռ ամեն ինչ լավ էր: Ի՞նչ պատահեց հիմա, արդյո՞ք Հայրապետովը այս ընթացքում աշխատանքային լուրջ բացթողում է կատարել, ինչն էլ դարձել է վերջինիս ազատման պատճառը: Թերևս ոչ: Բոլորի հիշողության մեջ էլ դեռ թարմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան, երբ վրացական հեռուստաալիքի լրագրողին հաջողվեց ճեղքել պահպանման գիծը, հասնել ՌԴ նախագահին և վերջինիս սադրող հարց տալ:

Նկատենք՝ որևէ այլ լրագրող նման ճկունությամբ աչքի չընկավ: Այդ դեպքից հետո ռուսական մեդիան հեղեղված էր Փաշինյանին ուղղված մեսիջներով, առ այն, որ ռուսները տարակուսած են՝ ինչպե՞ս վրացի լրագրողին հաջողվեց հասնել իրենց նախագահին: Ակնհայտ է, որ այդտեղ Կրեմլը տեսել էր սադրանք և կանխամտածված գործողություն: Հայրապետովի ազատումը կարող է լինել Փաշինյանի փորձը՝ մեղմել առաջացած լարվածությունը: Սակայն, եթե հիշենք այդ նույն օրը անցկացվող պիկետը Բաղրամյան 26-ի դիմաց, այն, թե ինչպիսի ջանասիրությամբ էր ոստիկանությունը հսկում բողոքավորներին, ապա պարզ կդառնա, որ ռուսների մտահոգությունները բնավ էլ զրկված չեն հիմքից, իսկ Հայրապետովը այս պարագայում պարզապես «զոհաբերվում» է՝ չկայացած մախինացիայի դիմաց...