Եթե հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի վերադարձման գործիքը սոցիալական ուղղվածություն ունի, ապա այդ գործիքը պետք է գործի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Իսկ եթե դա բիզնեսին նպաստելու նպատակ ունի, ապա ես կարող եմ ասել, որ դա այնքան էլ լավ գործիք չէ եւ դա այն բիզնես ոլորտը չէ, որ պետությունը պետք է բյուջեից օժանդակի: Որովհետեւ կան ավելի արտահանելի հատվածներ կամ արտահանմանը միտված բիզնես ճյուղեր, որտեղ օրինակ պետությունը շատ ավելի արդյունավետ կարող է այդ գումարները ծախսել: Երբ ծրագիրն սկսում էինք, եկամտային հարկի վերադարձը մի քանի մլն դրամի մասին էր, իսկ այս տարի այդ թիվը կարող է հասնել 8-9 մլրդ դրամի: Հաջորդ տարի այդ բեռը որքան է լինելու, պետք է դա էլ հաշվարկել, թե մենք կարողանալո՞ւ ենք այդ բեռը տանել: Իմ կարծիքով` մի քիչ դժվարություններ կլինեն» -ասաց Անանյանը:
 
Մյուս կողմից էլ ՊԵԿ նախագահը խոստովանել է, որ տնտեսությունից գումար վերցնելը եւ հետ չվերադարձնելը կարող է հարվածել տնտեսության զարգացմանը, և վիճակը էլ ավելի է վատթարանում, երբ պետական ապարատը ի վիճակի չէ արդյունավետ ծախսեր կատարել: Ի՞նչ է ստացվում, ՊԵԿ նախագահը բացահայտ ասում է, որ մի շարք հարցերում մենք բարդություններ ենք ունենալու, մյուս կողմից էլ ակնարկում է, որ այդ բարդությունների պատասխանատուն ոչ թե ինքն է, այլ տնտեսական քաղաքականության գծողը՝ վարչապետը, ում հրահանգներն էլ ինքը կատարում է: Անանյանը իր անհամաձայնությունն է հայտնում այս կամ այն որոշման արդյունավետության հետ կապված, իսկ դա նշանակում է, որ լավ է հաշվարկել՝ վերջը այնքան էլ պայծառ չի լինելու, հետևաբար շտապում է նշել այդ «վերջի» գլխավոր պատասխանատուին և բարձրաձայնել իր մտահոգությունները, ինչը, իհարկե, գովելի է: Ցանկացած պաշտոնյայից էլ բավական մեծ խիզախություն է պահանջվում, որպեսզի կասկածի տակ առնի իր վերադասի այս կամ այն քայլը:
 
Մյուս կողմից հասկանալի է նաև, թե ինչու է Անանյանը որոշակիորեն շտապում. նրա դիրքերը ՊԵԿ-ում վերջին շրջանում, կարծես թե, խարխլվել են, և Մաշադյանը փորձում է իր բարքերն ու կանոնները հաստատել, և այս համատեքստում Անանյանը քաջ գիտակցում է, որ վարչապետի տնտեսական քաղաքականության վերջը կարող է «ջարդվել» հենց իր «գլխին» և դառնալ ազատման պատճառ: Պատահական չէ նաև Անանյանի ակնարկը, որ ինքը չի վախենում կորցնել պաշտոնը: