Որքան էլ իշխող թիմի ներկայացուցիչները հերքում են, թե կուսակցության ներսում կան թևեր` իրենց մոտ ընդամենը բազմակարծություն է, վերջին իրադարձություններն ու դրանց հաջորդած զարգացումները բոլորովին այլ բան են հուշում: Ավելի քան հարյուր պատգամավոր ունեցող իշխանական ֆրակցիայում կա Ավինյանի թև, որը ջերմեռանդորեն պայքարում էր Վանեցյանի դեմ և այս հարցում, ի դեպ, այս թևի նպատակները ամբողջովին համընկնում էին մյուս՝ սորոսական թևի նպատակների հետ։ Կան Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի, Մհեր Գրիգորյանի թևերը։ Իսկ այժմ փորձենք հասկանալ՝ որ թևը ինչ ազդեցություն ունի ՔՊ-ում, համենայնդեպս այս փուլում: Ուժեղացա՞վ արդյոք սորոսական թևը Վանեցյանի հեռանալուց հետո: Վանեցյանի թևը ազդեցիկ էր նրանով, որ նրանց ձեռքում էր ուժային ամենակարևոր կառույցը, և նրանք կարողանում էին այս կառույցը նաև իրենց քաղաքական նպատակների համար օգտագործել՝ մարդկանց հավաքագրել, կամ իրենց հակառակորդների մասին տեղեկատավական արտահոսքեր կազմակերպել: Վանեցյանի հեռանալով սորոսականները իրականում ստացան միայն ֆիգուրի հեռացում, իսկ ռեալ դիվիդենտներ՝ ոչ:
 
Դրա համար էլ այսօր սորոսական թևը փորձում է խաղը ավարտին հասցնել և արդարադատության ոլորտի հետ մեկտեղ ստանալ նաև ուժային բլոկի նկատմամբ վերահսկողությունը: Պատահական չէ, որ գրեթե ամեն օր մամուլում նշվում է, որ ԱԱԾ պետի ամենահավանական թեկնածուն Ռուստամ Բադասյանն է: Փաշինյանը, սակայն, դժվար թե համաձայնի նման «ռասկլադի» հետ: Եթե սկզբում վարչապետը որոշակի ազդեցություն էր տվել սորոսականներին, ապա այսօր ակնհայտորեն փորձում է հակակշռել ու բալանսավորել այս թևը: Միևնույն ժամանակ, իհարկե, Փաշինյանը չի մոռանում, որ այս հիմնադրամի հետ կապված ավելի քան 18 պատգամավոր կա Ազգային Ժողովում, բացի այդ՝ մի քանի պաշտոնյաներ կան կառավարութունում: Նրանք վերահսկում են լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ, ու անհրաժեշտության դեպքում կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար:
 
Հաջորդը Տիգրան Ավինյանի թևն է: Այս թևը ևս բավական ազդեցիկ է, քանի որ Ավինյանը խարիզմատիկ ղեկավար է, և չնայած իր երիտասարդ տարիքին՝ կարողանում է թելադրել իր պայմանները իշխանության ներսում: Ավինյանի թիմի վառ դեմքերից են նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, նաև՝ ԱԺ մի քանի պատգամավորներ, որոնք Ավինյանի քվոտայով են մանդատ ստացել: Ավինյանը ազդեցություն ունի նաև մի քանի ուժային կառույցներում:
 
Այս պահին ՔՊ-ում կան նաև այսպես կոչված մինի թևեր, որոնք, սակայն, չեն լուծում որևէ քաղաքական հարց, այդ պատճառով էլ լուրջ վտանգ Փաշինյանի իշխանության համար ներկայացնել չեն կարող: Այդպիսի թևերից է օրինակ Հայկ Սարգսյանի մինի թևը: Սակայն կա ևս մի թև, որի սաղմերը արդեն իսկ ձևավորվում են: Դա Սասուն Միքայելյանի թևն է, որը վերջին շրջանում մի շարք առանցքային հարցերով կարծես թե դեմ է արտահայտվում Փաշինյանի վարած քաղաքական գծին: Այս թևին կարող են միանալ մի շարք պատգամավորներ, որոնք օրինակ Ստամբուլյան կոնվենցիայի, կամ Ամուլսարի հարցում արդեն իսկ արտահայտել են իրենց կարծիքը, որը նույնպես չի համընկնում Փաշինյանի և վերջինիս կառավարության առանցքային դերակատարների արտահայտած գնահատականների հետ: