«Փաստինֆո»-ի հաղորդմամբ ' ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունն ընթացել է՝ նմանվելով դասախոսության։ Գագիկ Հարությունյանը հարցաքննության ժամանակ ներկայացրել է, թե որոնք են ՍԴ լիազորությունները և ինչ է ենթադրում ՍԴ լիազորություններին տիրանալը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում հարցաքննվել են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։ Արա Բաբլոյանը հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակով. Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահին կասկածում է ՍԴ լիազորությունները տիրանալու մեջ։
Շուրջ 3 ժամ տևած հարցաքննությունից հետո Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել։
Հիշեցնենք, որ այս քրեական գործը հարուցվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա՝ այն բանից հետո, երբ ՍԴ-ն մերժեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումի քննությունը։ Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որի կալանավորումը տարբեր իրավապաշտպաններ ու փաստաբաններ գնահատել են որպես ապօրինության դրսեւորում եւ քաղաքական որոշման արդյունք։