Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրուցել է օրեր առաջ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցի շուրջ ծավալված քննդատությունների մասին:

Նրա կարծիքով՝ հարցազրուցավարի հարցերը շատ երկակի էին հնչում. «Դրանք մի կողմից այնպիսի հարցեր էին, որոնք հաճախ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից են հնչում, մյուս կողմից հարցեր էին, որոնք փաստացի մնացել էին միջազգային հանրության շրջանում այսքան տարի շարունակ, և որոնց պետք է տրվեն պատասխաններ»

Արտգործնախարարի պատասխաններին անդրադառնալով՝ պատգամավորը պնդեց, որ հնչեցված սուր քաղաքական հարցերին տրվել են բավականին դիպուկ, դիվանագիտական պատասխաններ. «Հաշվի առնելով արտգործնախարարի դերն ու դիրքը՝ պիտի ասենք, որ այդ պատասխանները հնչել են դիվանագիտական շրջանակներում՝ միջազգային տերմինաբանության համատեքստում»:

Որպես մեկ այլ շատ ավելի կարևոր կողմ՝ պատգամավորն ընդգծեց միջազգային հանրության մեջ Արցախյան հարցի վերաբերյալ կարծրացած ընկալումները. «Մենք կարևոր աշխատանքներ ունենք տանելու բազմաթիվ  հարթակներում: Արցախյան հիմնահարցի հետ կապված՝ Ադրբեջանը մեծ գումարների միջոցով իրեն ձեռնտու մթնոլորտ է ձևավորել: Այն կարող ենք փոխել, պիտի աշխատենք այդ ուղղությամբ»:

 

Թե ինչու արտգործնախարարի հարցազրույցն այդքան բուռն քննարկումների առիթ դարձավ, պատգամավորն ասաց. «Քննադատողների մեծ մասն ուղղակի չի նայել հարցազրույցն ամբողջությամբ, դրանում ես վստահ եմ, բացի այդ, կան որոշակի շրջանակներ, որոնք իրենց մեդիառեսուրսների միջոցով մանիպուլացնում են արտգործնախարարի հարցազրույցը: Ասպարեզ նետվեցին թեզեր, որոնք ընդհանրապես չկային հարցազրույցի կոնտեքստում: Չպետք է մոռանալ, որ արտգործնախարարը պրոֆեսիոնալ դիվանագետ է և իր հարցազրույցներում երբեմն կարող է չասել այն ճշմարտությունները, որոնք բոլորիս են հայտնի: Նախարարն ամբողջությամբ արտահայտել է մեր երկրի դիրքորոշումն ու շահերը: Իսկ այ, մեր մի շարք լրատվամիջոցների՝ ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելը որևէ կերպ մեր օգտին չի ծառայում»:

Աիդա Կիրակոսյան