Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել կես մլրդ դրամով ավելի գումար' ընդհանուր առմամբ 64.9 մլրդ դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«2020-ի պետական բյուջեով ՀՀ ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 64.9 մլրդ դրամ' 2019-ի 64.4 մլրդ դրամի փոխարեն: Ընդհանուր առմամբ, տարբերությունը կազմում է կես մլրդ դրամ' կամ 0.8 տոկոս: Հատկացվող գումարի 99.1 տոկոսը կամ 64.3 մլրդ դրամն ընթացիկ, իսկ 0.9 տոկոսը կամ 0.6 մլրդ դրամը կապիտալ ծախսերն են: Սոցիալական ուղղվածության և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 50.3 մլրդ դրամ կամ ամբողջի 77.5 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրության միջոցները շուրջ' 47.5 մլրդ դրամ են, իսկ գնումների ընթացակարգով կատարվող ծախսերը 14.6 մլրդ դրամ' ամբողջի 22.5 տոկոսը»,-ներկայացրեց Սարգսյանը:
Ոստիկանության 2020-ի բյուջեն խմբավորված է 10 ծրագրում և դրանցում ներառված 22 քաղաքականության միջոցառումներում: