«Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին կատարված ֆինանսավորմամբ՝ կառավարության անդամների գործուղումների համար 2019 թվականի սեպտեմբեր ամսին ծախսվել է 187 մլն 410 հազար դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 142 մլն-ով, կամ 410 %-ով (45 մլն 684 հազար դրամ), իսկ 2017թ-ի սեպտեմբերի համեմատ 161 մլն-ով կամ 603 %-ով (26 մլն 641 հազար դրամ):
Իհարկե, հարց է առաջանում, թե կառավարության պաշտոնյաները այդ ինչ դարակազմիկ ձեռքբերումների են հասել իրենց՝ ոչ պակաս դարակազմիկ (գնի առումով) գործուղումների արդյունքում: Դա հասկանալու համար օգնության են գալիս վերոնշյալ պաշտոնյաների պաշտոնական հաշվետվությունները: Օրինակ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի տեղակալ Արմեն Աբրոյանը սեպտեմբերի 1-4-ը Սլովենիայում էր, հաշվետվությունից երևում է, որ նպատակը՝ փորձի փոխանակման մասին պայմանավորվելն էր: Ստացվել է, թե ոչ՝ կիմանանք հետագայում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը սեպտեմբերի 4-7-ը Իտալիայի Հանրապետությունում էր, վերջինս մասնակցում էր «Սալենտո» 16-րդ միջազգային կինոփառատոնին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-11-ը Աբու Դաբիում էր և վերջինիս ներկայացրած հաշվետվությունից պարզ է դառնում, որ երեք օրերի ընթացքում միակ ձեռքբերումը եղել է այն, որ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Համաշխարհային էներգետիկ խորհրդի հետ:
Իհարկե, ինչ գործուղում՝ առանց քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանի: Վերջինս սեպտեմբերի 5-7-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում էր և քննարկում էր «Թուրքմենական ավիաուղիներ» ավիաընկերության կողմից Աշգաբադ-Երևան-Աշգաբադ չվերթերի վերսկսումը, օդային փոխադրումների իրավունքի 5-րդ ազատության կիրառմամբ՝ Աշգաբադից Երևան և եվրոպական քաղաքներ չվերթերի հնարավորությունը: Եթե RynaAir-ի ոդիսականը ի վերջո տապալվի, ապա ինչ խոսք՝ Ռևազյանը նոր ու շատ լուրջ խաղաքարտ կունենա: Արայիկ Հարությունյանի մյուս տեղակալը՝ Նարինե Խաչատուրյանը, սեպտեմբերի 12-14-ը Ուզբեկստանի Կոկանդ քաղաքում էր, մասնակցում էր Կոկանդի ժողովրդակիրառական արվեստի փառատոնին: Եվ սա դեռ ամենը չէ, հաշվետվության վերջում հպարտորեն շեշտվում է, որ նախարարի տեղակալը հենց այնպես չէ երկու օր անցկացրել Կոկանդում, նա հույժ կարևոր առաքելություն է կատարել՝ Թամերլանի թանգարանում ներկաներին ավետել է Շահ Ջահանի կնոջ՝ Մումթազ Մահալիի հայկական ծագման մասին :
Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը սեպտեմբերի 8-11-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դեյլիում էր: Առաջին հայացքից կարող է թվալ, որ նախարարը այնտեղ է մեկնել փորձի փոխանակման համար, հասկանալու համար, թե այլ ինչ ճանապարհներով կարելի է աղտոտել ՀՀ շրջակա միջավայրը ՝ հաշվի առնելով Նյու Դեյլիի համաշխարհային վարկը այս հարցում: Սակայն ոչ, պարզվում է՝ Գրիգորյանը մասնակցում էր ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի Կողմերի բարձրաստիճան հատվածի 14-րդ հանդիպմանը:
Իրականում գործուղումասեր մեր մյուս պաշտոնյաների հաշվետվությունները ավելի բովանդակալից չեն: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ էին, թե ինչպես է Հայաստանի հեղափոխական և բյուջե խնայող կառավարությունը ցփնում հարկատուների գրպանից ստացված միլիոնները: Կարելի է խորհուրդ տալ միայն շարունակել նույն ոճով, եթե, իհարկե, հեղափոխական կառավարության գերնպատակը նախկինների փառահեղ ռեկորդները խփելն է…