Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժեց ՊՎԾ պետ (լիազորությունները կասեցված) Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը, որով վերջիններս առաջարկում էին վերացնել Սանասարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը և նրան վերականգնել պաշտոնին։
«Ի սկզբանե՝ այդ որոշումն անհիմն և ապօրինի է կայացվել, քանի որ որևէ ողջամիտ, փաստարկված տվյալ չի ունեցել նախաքննության մարմինը, որ Դավիթ Սանասարյանն իր պաշտոնական դիրքը կարող է օգտագործել գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու համար։ Զուտ վերացական, ձևական դատողություններով պաշտոնավարումը կասեցվել է, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական նախադեպային պրակտիկային։ Հարկադրանքի այն միջոցը, որը ժամանակին կիրառվել է, այսօրվա դրությամբ առերևույթ իրեն սպառել է»,- ասաց պաշտպան Արսեն Սարդարյանը:
Սակայն դատախազությունն առարկեց միջնորդությունը՝ ասելով, որ Սանասարյանը կարող է պաշտոնին վերականգնվելով ազդել գործի արդարացի քննության վրա։