Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական ակտիվություն ու սոցիալական վիճակի փոփոխություն է ակնկալվում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որն ուժի մեջ է մտնելու 2020-ի հունվարի 1-ից. «Սոցիալական մասով կարող է արձանագրվել, որ շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է, քանի որ եկամտահարկի համահահարթ դրույքաչափ ենք սահմանել, այլ կերպ ասած՝ այդքան քաղաքացիների տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով: Բացի այդ կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում՝ 10 տոկոսով: 2020-ի հուլիսի մեկից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ. առաջին ու երկրորդ երեխայի համար այս պահին սահմանված է 50 և 150 հազար դրամ: Ավելացում կունենանք նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասով՝ 25.5 հազար դրամ՝ գործող 18 հազարի փոխարեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
 
Իհարկե, որևէ մեկը չի պատրաստվում քննադատել կառավարությանը՝ իր սոցիալական պարտավորությունները կատարելու համար, սակայն պետք է նշել, որ մինչ ընտրությունները, «Իմ քայլ»-ը շատ ավելի ճոխ նախընտրական խոստումներ էր շռայլում: Ինչո՞ւ է հիմա իջեցվում նշաձողը, եթե տնտեսությունը, ինչպես մեզ հավաստիացնում են՝ փայլուն վիճակում է, բյուջեում էլ այնքան փող է կուտակվել, որ կառավարությունը անգամ չի իմանում՝ ուր ծախսի այդ գումարը: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ կառավարությունը նրա համար չէ, որ փողը հետ գցի, որովհետև չի կարողանում արդյունավետ կազմակերպել աշխատանքները։ Կառավարությունը նրա համար է, որ իրականացնի պետության նախանշած ծրագրերը, կամ առնվազն ՝ նախընտրական խոստումները: Տարբերակներից մեկը այն է, որ ժամանակին օգտվելով հեղափոխական էյֆորիայից՝ «Իմ քայլ»-ը չափից դուրս պոպուլիստական խոստումներ է տվել, իսկ այսօր բախվել է դաժան իրականությանը: Իրականությունը իրոք ամենահաճելին չէ, եթե բյուջեի գովքը անող վարչապետը միևնույն ժամանակ հայտարարում է, որ ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք վատթարագույնին: Կա ևս մի տարբերակ, դա այն է, որ փոքր ծավալով նպաստների, թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, ընդամենը, մարտավարական քայլ է:
 
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հասարակությանը լավություն պետք է անել փոքր դոզաներով, որքանով որ թույլ է տալիս բյուջեն (սեփական պարգևատրումների ու աշխատավարձերի բարձրացմանը դա իհարկե, որևէ կերպ չի վերաբերվում), քանի որ մոտակա ամիսներին լինելու են դեռևս առիթներ, երբ անհրաժեշտություն է առաջանալու հանրային դժգոհությունը լռեցնել աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացման ավետիսով: Իհարկե , այդ մարտավարական քալի ազդեցությունը կարող է զգացվել, ընդամենը, մեկ-երկու ամիս, սակայն պարզից էլ պարզ է, որ կառավարությունը այսօր խաղադրույք է անում միայն ու միայն ժամանակ ձգելու վրա…