1995 թվականի մութ ու ցուրտ տարիներն էին: Մարդիկ դժվարությամբ էին լուծում անգամ հանապազօրյա հացի խնդիրը: Այդ ամենի հետ Գորիսում օրահասական էր նաև խմելու ջրի հարցը: Զոռզոռի ջուրը Գորիս հասնում էր երկու պոմպակայանի շնորհիվ, որն աշխատացնելու համար, ամսվա կտրվածքով, 400 մլն դրամի հոսանք էր օգտագործվում: Ավելին՝ այդ ջուրը տեխնիկական էր և ոչ պիտանի խմելու համար: Այն ժամանակվա գործկոմի նախագահ Սուրիկ Խաչատրյանը տարբեր ճանապարհներով ելք էր փնտրում քաղաք՝ խմելու ջուր բերելու համար:
1995 թվականի ամառային մի օր, Սևադա Ադամյանի և Լավրենտի Վարդանյանի հետ Երևանից վերադարձի ժամանակ, գործկոմի նախագահը կրկին քննարկում է Գորիսի ջրամատակարարման հարցը։ Երբ հասնում են Սիսիանի Ծղուկ գյուղի մոտ, Սևադա Ադամյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր ագրոարդյունաբերական համալիրի նախագահի պաշտոնը և շատ հաճախ էր այցելում արոտավայրեր, տեղեկացնում է Մուխութուրյան ջրերի առկայության մասին:
«Երևանից գալիս տեղեկացրի, որ Սառնակունքի մոտակայքում բնական ակունքից 300 լ/վկ հոսող ջուր կա։ Ես հաճախ էի օգտագործում այդ ջուրը և վստահ էի, որ մաքուր է։ Ապահովության համար ուղարկեցինք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն» /սանէպիդկայան/։ Պարզվեց, որ ջուրը շատ ավելի մաքուր է, քան Զոռզոռինը։ Կեսօրին հասանք Գորիս, վերցրեցինք «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան ու մի կերպ հասանք ջրերի մոտ»,-հիշում է Սևադա Ադամյանը։
Սուրիկ Խաչատրյանը Մուխութուրյան ջրատարի կառուցումը համարում է ամենակարևոր ու ամենաբարդ աշխատանքը։ «Դժվար ճանապարհ անցանք։ Ջուրը կար, սակայն գրեթե անհնար էր այն հասցնել Գորիս։ Որոշված էր. Գորիսը պետք է խմելու ջուր ունենա։ Այդ անհնարին լինելու փաստը չխանգարեց մեր նպատակն իրականացնելու համար։ Տղերքի հետ հաջորդ օրը սկսեցինք աշխատանքները։ Ոտքի կանգնեցին բոլորը. Թունյան Մայիսի, Գոռ Կարապետյանի, Խասան Հարությունյանի, Լավրենտի Վարդանյանի, Գրիշա Սիլանյանի կազմակերպությունները Մելս Բարխուդարյանի և Կամո Միրաքյանի պատասխանատվությամբ անցանք գործի»:
Նախագծման աշխատանքների իրականացման համար մեծ ներդրումն է ունենում գործկոմի շինբաժնի այն ժամանակվա ղեկավար Մելս Բարխուդարյանը: 5 մլն դրամ արժողությամբ նախագծման աշխատանքն իրականացվում է 1,5 մլն-ով: «Աշխատում էինք առանց դադարի,- պատմում է Մելս Բարխուդարյանը,- մեր առջև նպատակ էր դրված աշխատանքներն իրականացնել բարձր որակով ու ամենամատչելի արժեքով: Գիտեինք, որ կառավարությունը 3,6 մլն դոլար չի կարող տրամադրել, ուստի օգտագործեցինք բոլոր ընկերական, ծանոթ-բարեկամական կապերը: Ճիշտն ասած՝ ես չէի մտածում, որ հնարավոր էր իրականացնել այդ խենթ գաղափարը և որտեղ նստում, ասում էի՝ եթե Սուրիկ Խաչատրյանը կարողանա այդ ջուրը հասցնի Գորիս, նրա արձանը պիտի կանգնեցնեք Գորիսում,-ծիծաղում է ու ավելացնում,- այսօր էլ նույն կարծիքին եմ»:
Մեկ տարի գիշեր-ցերեկ ընթանում են աշխատանքները` Սուրիկ Խաչատրյանի անձնական միջոցներով, սրտացավ գորիսեցիների ներդրմամբ: Այդ ընթացքում կառավարություն է ներկայացվում 1.2 մլն դոլար կազմող ծրագիր, որի իրական արժեքը, սակայն 3.6 մլն էր: Կառավարությունը աշխատանքների իրականացման 2-րդ տարում տրամադրում է 1 մլն-ը: 1998թ-ի հոկտեմբերի 28-ը պատմական օր էր Գորիսի համար: Այդ օրը իրականանում է անհնարինը. խմելու ջուրը հասնում է Գորիս ու իր գյուղերը /բացառությամբ Վերիշեն, Խնածախ, Խոզնավար և Վաղատուր/, և Սիսիանի 14 գյուղեր: Մուխութուրյան ջրագծի բացման արարողությանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հետո պարզվում է, որ այդ ջուրը չի բավականացնի շուրջօրյա ջրամատակարում ունենալու համար։ Անցնում են այլ ծրագրի։ Որոշվում է մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Զույգ Աղբյուրից բխող ջրերն էլ միացնել Մուխութուրյանին, սակայն.... Զույգ աղբյուրի համար Ջերմուկն արդեն դիմել էր կառավարությանը՝ այն Վայոց ձոր տանելու համար: Սուրիկ Խաչատրյանի կողմից իրականացված երկար բանակցությունների արդյունքում կառավարությունը փոխում է իր որոշումն ու ջուրը տրամադրում Սյունիքին: Այս անգամ աշխատանքները վստահվում են Զոռզոռը կառուցած և երկար տարիներ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ղեկավարած Կամո Միրաքյանին: «Աշխատանքները Ս. Խաչատրյանի հանձնարարականով արդեն սկսել էինք: Մեզ են մոտենում Ջերմուկի ղեկավարությունից ու արգելում շինարարական աշխատանքների իրականացումը: Քիչ անց Սուրիկ Խաչատրյանն արդեն տարածքում էր: Միայն նրա ներկայությունը ամեն ինչ փոխում է, ու մենք կրկին շարունակում ենք գործընթացը»: Երկու աղբյուրներից 20-ական կմ-ով ջուրը բերվում, միացվում է Մուխուրթուրյան ջրատարին: 2004-2007 թթ. շահագործման է հանձնվում է 100 կմ երկարությամբ ջրատարը: Հսկայական աշխատանքներն ու ներդրված ջանքերը իրենց պտուղներն են տալիս:
Արդեն 21 տարի Գորիսը վայելում է սյունյաց սարերի անմահական ջուրը։