Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմինե Դավթյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության: Նա պահանջում է անվավեր ճանաչել նախարարի՝ իրեն պաշտոնից ազատելու որոշումը: Խնդիրն այն է, որ տնօրենն ասել էր, թե վարքի խնդիրներ ունեցող երեխաների դեպքում փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ժամերով քարոզը: Նրա դիտարկումները համացանցում բուռն քննարկումների առիթ դարձան՝ արդյունքում նա ազատվեց աշխատանքից: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Արմինե Դավթյանի փաստաբան Դավիթ Ասատրյանի հետ:

«Մենք կարծում ենք, որ կայացված որոշումները անհիմն են՝ չկան փաստական և իրավական հիմքեր, սխալ է մեկնաբանվել օրենքը: Ըստ էության, կայացվել է այնպիսի որոշում, որը ոչ թե իրավական է, այլ՝ հաճո է այն մարդկանց, ովքեր դեմ են տիկին Դավթյանի պաշտոնավարմանը: Նրան աշխատանքից ազատել են, քանի որ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձը կորցրել է գործատուի առջև վստահությունը»,- նշեց փաստաբանը:

Դավիթ Ասատրյանի խոսքով՝ խեղաթյուրվել է այն, ինչ ասել է նախկին տնօրենը. «Իրականում խիստ խեղաթյուրված է այն ամենն, ինչ ասել է տիկին Դավթյանը: Վերցրել են կոնտեքստից կտրված խոսքեր, տարբեր թեմաներից առանձին մտքեր ու դրանով փորձ է կատարվում հիմնավորել փաստարկները: Քննարկման ձևաչափն այլ է եղել, իսկ հետո բոլորովին այլ բան է ստացվել»:

 

Փաստաբանն ասում է, որ  իրենք ցանկանում են, որպեսզի տիկին Դավթյանի նախկին պաշտոնը վերականգնվի եւ բռնագանձվի պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը: