«Չեմ կարծում, թե առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության Արման Բաբաջանյանը կարող էր այդպիսի բաներ անել։ Եթե իշխանությունը հարցեր ունի «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի հետ կապված, ապա կան համապատասխան մարմիններ, թող նրանք վերանայեն այդ գործը։ Եթե ինձ ասելու բան ունեն, թող ինձ կանչեն, աչքերիս մեջ նայելով՝ հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն մարդկանց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով 20 տարի առաջ հոկտեմբերի 27-ի դեպքերին, երբ ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժել էր Ազգային ժողով և սպանել քաղաքական գործիչներին։ 

Նրա խոսքով՝ «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ եղել է դատաքննություն, ավարտվել է ինչ-որ արդյունքով, եթե բավարար չէ, թող նորից վերանայեն։ 

Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից վարչապետին ուղղված դիմումին, որով նա պահանջում է Մանուկյանի հրաժարականը՝ հիմնավորելով, թե վերջինս ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի վրա և պարբերաբար հանդիպել է նրան, Մանուկյանն ասաց․ «Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988 թվի շարժման ժամանակ, որովհետև ես «Ղարաբաղ կոմիտեն» էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժում, մենք այդ ժամանակ հանդիպել ենք։ Դրանից երկար ժամանակ հետո ուզել է մտնել ԱԺՄ կուսակցություն, սակայն ինչ-ինչ պատճառներով չենք ցանկացել ընդունել նրան։ Դրանից հետո մենք ոչ մի առնչություն չենք ունեցել։ Ով էր այն օրն ասաց, թե մեր տանն է եղել․ նա մեր տանը երբեք չի եղել։ Այդ ամենը հորինված է և իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ»,- նշեց Մանուկյանը։

 

Շարունակելով Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու թեման՝ Մանուկյանը նկատեց՝ բոլոր խոսակցությունները բանտում ձայնագրվում են և, եթե ցանկություն կա իմանալու, կարող են պահանջել և լսել․ «Ինչո՞ւ ես պետք է Արման Բաբաջանյանին պատասխանեմ, այստեղ նրա հարցը չէ, սա քաղաքական պատվեր է և ես դրան վերաբերում եմ որպես քաղաքական հարցի, ոչ թե իրավական»։

 

Մանուկյանն ընդգծեց՝ ինքը համաձայնել է լինել Հանրային խորհրդի նախագահ՝ մտածելով, թե կլինեն բարեփոխումներ, երկիրը կգնա առաջ և ինքը կարող է օգտակար լինել, բայց հիմա տեսնում է, որ երկիրն այդ ճանապարհով չի գնում։