Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը:
«ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից: Նախաքննության շահերից ելնելով՝ ես կգերադասեմ այդ գործից չխոսել»,- ասաց Գրիգորյանը:
2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը: