Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 764.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալները, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն աճել են մոտ 91 մլրդ դրամով կամ 13.5 %-ով։ Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ պետբյուջե է հավաքագրվել 1 տրլն 79.2 մլրդ դրամի հարկեր։ Այդպիսով, ստացվում է, որ 1000 խոշոր հարկատուներն ապահովել են ընդհանուր հարկային եկամուտների մոտ 71 %-ը։
Սակայն ուշագրավ է, թե ում հաշվին են հիմնականում ավելացել հարկային եկամուտները: Առաջին հորիզոնականում վճարած հարկերի ծավալներով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որի վճարած հարկերի ծավալն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է մոտ 40.6 մլրդ դրամ։ Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ վճարած 40.3 մլրդ դրամ հարկերով։ Հանրապետության խոշորագույն հարկատուների 2019 թվականի հունվար-սեպտեմբերի եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որը մի քանի տարի շարունակ գլխավորել է այս ցանկը։ Այս տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը վճարել է 33.6 մլրդ դրամ: Գազպրոմին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, որի վճարած հարկերի ծավալը կազմել է մոտ 13.4 մլրդ դրամ` աճելով 4 մլրդ դրամով կամ 44%-ով։ Հինգերերդ տեղում է հանքարդյունաբերության ոլորտում գործող «ԳեոՊրոմայնինգ Գոլդ»-ը՝ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած 12.5 մլրդ դրամի հարկերով։ «Ֆլեշ» ընկերությունը, որի հարկերի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 10.75 մլրդ դրամ՝ վեցերորդ տեղում է:
Սամվել Ալեքսանյանի Սիթին վճարել է 5,670,085 մլրդ դրամ, «Ալեքս Էնդ Հոլդինգ»-ը՝ 4,551,268 մլրդ.դրամ, Նատալի Ֆարմ-ը ՝ 3,887,996, «Ալեքս Հոլդինգ»-ը՝ 1,916,537 մլրդ.դրամ, Ալեքս Տեքստիլ-ը 847,018 մլն դրամ: Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող Յուքոմը վճարել է 1,902,411 մլրդ դրամ, «Վիվառո Գրուպը»-ը, որը նույնպես պատկանում է նախկին իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունեցող բիզնեսմեն եղբայրների, վճարել է 1,091,997 մլրդ դրամ: «Սպայկան»-ն վճարել է 1,638,592 մլրդ դրամ, Դերժավա-Ս-ը վճարել է 2,512,037 մլրդ դրամ, իսկ «Սլավ Գրուպ»-ը՝ 2,416,702 մլրդ դրամ:
Վերոնշյալ ընկերությունները առանձնացվել են այն պատճառով, որ նրանց սեփականատերերը այս կամ այն չափով կապված են եղել նախկին իշխանությունների հետ, սակայն այսօր, հեղափոխությունից, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ խորհրդարանական ընտրություններից հետո պատկերը անչափ ուշագրավ է: Փաստացի այս ընկերությունները բավական ցածր հորիզոնականներ են զբաղեցնում, ինչը որևէ կերպ համադրելի չէ նրանց իրական եկամուտների հետ: Տպավորություն է ստեղծվում, որ ինը ամիս այս ընկերություններին ինչ-որ մեկը հարկային արձակուրդ է տրամադրել: Արդյո՞ք դեռ շարունակվում է Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու ավանդույթը. սա է այն հարցը, որը առաջանում է ՊԵԿ հրապարակած ցանկին ծանոթանալուց հետո: Տպավորություն է, որ խոշոր բիզնեսը իրականում մուծվում է, սակայն՝ այլ գումարներ և այլ քսակներ…