Էական չէ իմ, թե՞ Լիլիթ Մակունցի պաշտոնավարման ժամանակ է այդ գումարը հատկացվել, այո, այս իշխանության օրոք է հատկացվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով «Մել» ֆիլմին տրամադրած 20 մլն դրամին։
Դիտարկմանը, թե նախկին իշխանության ներկայացուցիչների համար դա քննադատության առիթ հանդիսացավ, Հարությունյանը պատասխանեց․ «Այս տարի «Ոսկե Ծիրան»-ում մի ֆիլմ էր ցուցադրվել, որի ժամանակ նախկինները կրկին քննադատել էին, ու հանկարծ պարզվեց, որ իրենց իշխանության ժամանակ էլ նմանատիպ ֆիլմեր ցուցադրվել են։ Այսինքն՝ նախկիններին թողես ամեն ինչն էլ կքննադատեն։ Շատ ուշադրություն մի դարձրեք նախկինների քննադատություններին»։
Արայիկ Հարությունյնաը նշեց, որ իր պաշտոնավարման օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։
«Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում, մտացածին հիմքերով ինչ-որ բաներ չեղարկել չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկը ազատ արվեստն է և որոշ մարդիկ, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել խնդրում եմ իրենց ուշադրություն մի դարձրեք, որովհետև նրանք հետադիմության առաջամարտիկներ են։ Արվեստում ցենզուրա սահմանելն անթույլատրելի է»,-ասաց Հարությունյանը։