Ըստ վերջին տվյալների՝ թուրքերը նախապայմաններ են դրել, թե ով կարող է վերադառնալ Թել Աբյադ, ով չի կարող: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին:

«Ասում են՝ հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Հիմա փորձում ենք որոշ հստակություն մտցնել այս հարցում: Թել Աբյադը թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ է, նրանք չեն թողնում»,-ասաց նա:

Սինանյանը հավելեց, որ ի տարբերություն երեք շաբաթ առաջվա, այս պահին Թել Աբյադի հայ բնակիչների հետ կապի մեջ չեն. «Մեզ ասում են, որ թուրքերը որոշ սահմանափակում են դրել որոշ ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գոհ է Սիրիայի հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից, Զարեհ Սինանյանը նշեց, որ ծանոթ չէ խոսակցությանը, սակայն կարող է փաստել, որ դրա նախորդ օրը հայերը ցանկանում էին հեռանալ Ղամիշլիից, իսկ առավոտյան արդեն չէին ցանկանում. «Այս պահին հեռանալու ցանկություն որեւէ մեկի կողմից չկա: Հայերը չեն լքում իրենց տները»,-ասաց նա: