Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո անդրադարձել է իր հավանական ձերբակալման մասին լուրերին՝ նշելով, որ ինքը չի վախենում նման սցենարից: «Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ է, որ դրանից հետո Սարգսյանը վստահեցրել է, որ ժողովրդի հետ իր անկեղծ խոսելու, զրուցելու պահը անչափ մոտ է: Երրորդ նախագահը, ըստ էության, բացահայտ մեսիջ է հղում, որ որքան իշխանությունները թիրախավորեն և մոտենան իրեն, այնքան ավելի անկեղծ կլինի վերոնշյալ զրույցը ժողովրդի հետ: Սերժ Սարգսյանը, լինելով 2018թ-ի իրադարձությունների առանցքային ֆիգուրներից մեկը, երկար ժամանակ չէր խոսում՝ նախընտրելով մնալ ստվերում, ընդամենը մեկ անգամ ակնարկելով, որ ասելիք ունի, սակայն կասի, երբ կգա պահը:
Ինչու՞ էր մինչ այս լռում Սարգսյանը, եթե ասելիքն այդքան քաղաքական կշիռ ունի և արդյո՞ք պատահական էր հեղափոխության օրը հնչած և թևավոր դարձած՝ «Ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ» արտահայտությունը, արդյո՞ք պատահական էր հեղափոխությունից հետո շուրջ 5 ամիս Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ բնակվելը և ամառանոց տեղափոխվելը միայն այն բանից հետո, երբ մամուլում տարատեսակ շշուկներ սկսեցին պտտվել, որ Սարգսյանը ու Փաշինյանը բավական հաճախ են հանդիպում, արդյո՞ք պատահական էր Սարգսյանին այդքան հավատարիմ ուժային բլոկի «հանձնվելը» Փաշինյանին և, ի վերջո, պատահակա՞ն էր արդյոք այն համանգամանքը, որ Սերժ Սարգսյանի անունը մինչ օրս չի շրջանառվում և ոչ մի քրեական գործի շրջանակում: Թերևս՝ ոչ:
Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ Սարգսյանը որոշել է խոսել հենց այս պահին: Ընդհանրապես, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ վերջինիս փեսա՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ վերջին շրջանի քաղաքական մեսիջները բավական հստակ են ու միանշանակ: Իր հոդվածներից մեկում Մինասյանը ակնարկում էր, որ 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցածն ընդամենը իշխանափոխություն է, իսկ բուն հեղափոխությունը հասունանում է: Միևնույն ժամանակ Մինասյանը իր հաջորդ իսկ գրառման մեջ խոսում է իշխանությունների կողմից ծայր առած քաղաքական հաշվեհարդարների մասին՝ համարելով դա վտանգավոր ճանապարհ և բաց տեքստով հայտարարելով, որ իշխանությունների պլանավորած «золотой запас»-ը հենց Սերժ Սարգսյանին կալանավորելն է: Իսկ ամենաուշագրավը Մինասյանի վերջին՝ Երկիր-«Հայկական ժամանակ» հոդվածում տեղ գտած ձևակերպումն էր. «Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու. Եվ այդ մարդն այդպիսին է եղել միշտ՝ ամեն օր ու ամեն ժամ պայմանավորվածություններ խախտելով. Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որեւէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի եւ պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին»: Ընդ որում, Մինասյանի գրառումները հաճախակի և առավել սուր դարձան ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ասել է թե, հենց այդ պահից սկսած է ֆիքսվել առկա պայմանավորվածությունների խախտումը, և վտանգը երրորդ նախագահի համար դարձել է առավել քան իրատեսական, և դա է պատճառը, որ արդեն իսկ բաց տեքստով է խոսվում պայմանավորվածությունների խախտման մասին:
Հեղափոխությունից հետո բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին առ այն, որ հեղափոխությունը, ընդամենը, իշխանափոխություն էր, իսկ Սարգսյանի ու Փաշինյանի միջև առկա են որոշակի պայմանավորվածություններ: Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե ինչ համաձայնություններ են դրանք, գուցե անձնական անվտանգության և անձեռնմխելիության, և Սարգսյանի կալանավորումը կարող է դիտարկվել հենց այդ պայմանավորվածության խախտում: Այդ հնարավոր պայմանավորվածությունների շարքում կարող էին լինել նաև Արցախի հարցի որոշակի առաջընթացը (տարածքների զիջում կամ ստատուս-քվոյի պահպանում), Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելը և արևմուտքի «ծիր» տանելը, դաշտը օլիգարխներից մաքրելը: Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի տեսլականն Արցախի հարցում դեռևս հստակ ուրվագծված չէ, չի շտապում Փաշինյանը նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների վեկտորի կտրուկ փոփոխության հարցում, այստեղ նրան «շտապեցնում» են սորոսական թևի ներկայացուցիչները և այս հարցում Փաշինյանը դեռևս փորձում է որոշակի բալանս պահպանել: Ինչ վերաբերվում է օլիգարխներին, ապա պետք է նշել, որ դաշտը օդիոզ դեմքերից «մաքրելու» գործընթացը ևս տեղից չի շարժվում, թերևս տեղի է ունենում մեկ այլ գործընթաց. նախկին իշխանությանը հավատարիմ օլիգարխները այսօր հավատարմության երդում են տալիս Նիկոլ Փաշինյանին, իսկ ինքը Փաշինյանը նման սցենարին բնավ էլ դեմ չէ:
Եթե ի մի ենք բերում այս բոլոր մեսիջները, ապա ստանում ենք հետևյալ պատկերը. պայմանավորվածությունները չպահպանելը և արդյունքում՝ քաղաքական հաշվեհարդարի սլաքը դեպի Սարգսյանը ուղղելը կարող է բերել Սարգսյանի կողմից բոլոր խաղաքարտերի բացմանը՝ վա-բանկ գնալուն: Ունի՞ արդյոք Փաշինյանը Սարգսյանին կալանավորելու ցանկություն և նպատակ, թերևս՝ այո, քանի որ հասկացել է, որ ընթացիկ քաղաքական գործընթացներում կարող է «գլուխ հանել» նաև միայնակ, և այս տեսանկյունից «խաղից դուրս» վիճակում հայտնվող Սարգսյանը, իրոք, ունի մտահոգովելու առիթ: Փաշինյանի մտադրությունների լրջության մասին է վկայում նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին և մի շարք այլ խաղացողների խաղի մեջ մտցնելը: Բաբաջանյանը ինչպես գիտենք խորհրդարան է անցել Լուսավոր Հայաստանի մանդատով և բազմաթիվ էին պնդումները, որ այս ուժի «թիկունքին» կանգնած է հենց Միքայել Մինասյանը: Եթե Լուսավոր Հայաստանը դեռևս մնում է պայմանավորվածությունների «դաշտում», ապա ինքը Բաբաջանյանը, դուրս գալով ֆրակցիայից, փաստացի կտրեց այդ «պորտալարը»՝ բռնելով Նիկոլ Փաշինյանի կողմը: Մյուս «խաղացողներից» կարելի է առանձնացնել Ստյոպա Սաֆարյանին, ով նույնպես վերջին շրջանում անչափ ակտիվ է և հանդես է գալիս պրո-իշխանական մեսիջներով: Փաշինյանը, չունենալով ավելի խոշոր կալիբրի խաղացողներ, ստիպված խաղի մեջ է մտցնում նրանց, ովքեր նախկին իշխանության հետ որոշակի կապեր են ունեցել, այնուհետև սակայն այդ կապերը խզվել են, հարաբերություններում էլ որոշակի լարվածություն է ի հայտ եկել:
Կարող ենք փաստել, որ ուրվագծվում է նոր սցենար, որի միակ ճարտարապետը ցանկանում է լինել Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեկտեղ և արդյունքում խաղը ստանում է լրիվ այլ ընթացք, քան կանխատեսել էին Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը: