Արդեն շուրջ 15 օր Արդարադատության նախարարության «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում փորձնական ծրագրի շրջանակում ներդրվել է սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ: Քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին' «Արթ Լանչ» ՍՊԸ-ին: Դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք (ներառյալ հաց):

Սննդի պատրաստման նոր համակարգին ծանոթանալու համար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Միանշանակ արդարացված ծրագիր է' բոլորը գոհունակությամբ է արտահայտվում, այդ թվում' դատապարտյալների և կալանավորների հարազատները, որովհետև մի շարք դրական կողմեր ունի այս ծրագիրը: Նախ հանձնուկների նվազման միտում կա, որը մյուս կողմից նաև կանխարգելում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»,- ասաց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ընդգծելով, որ այս ծրագիրը պետք է շարունակական բնույթ կրի:

Փորձնական ծրագիրը իրականացվում Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով 1090 անձի համար:

Արթուր Գոյունյանի խոսքով' ճաշացուցակները կազմելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները՝ սնունդը պետք է լինի բազմազան և որակյալ, սննդի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա, ինչպես նաև պետք է ապահովվել սննդամթերքի չափաբաժինները:

« Յուրաքանչյուր դատապարտյալի ազգական միջինացված ամսեկան ծախսում է 200 հազար դրամ' հանձնուկներով ապահովելու համար: Պատկերացրեք, ինչ բեռից ենք ազատում դատապարտյալների հարազատներին»,- ընդգծեց Գոյունյանը:

Ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի' հիմնական խնդիրը սննդի որակն է, և վիճակագրությամբ' ներկայումս բոլորը օգտվում են սննդի պատրաստման ծառայությունից:

« Նախկինում դատապարտյալները հրաժարվում էին սննդից և դա բերում էր հաջորդ ռիսկի' ընտանիքի անդամները պետք է սնունդով հանձնուկներ փոխանցեին դատապարտյալներին: Սննդի մեջ արգելված իրեր էին հայտնաբերվում, կոռուպցիոն ռիսկներ մեծանում և այլն: Նախկին պայմաններում սնունդը մեկ դատապարտյալի հաշվով 950 դրամի շրջանակում էր, իսկ հիմա 1400 դրամ է: Տպավորություն է այն է, որ ավելի թանկ է, բայց պետք է հաշվի առնել, որ սառնարանային տնտեսության ծախսերի և սննդի պատրաստման ծախսերի կրճատում է եղել: Այսինքն' գրեթե նույն ծախս է, սակայն սննդի որակը բարձրացել է»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ ծրագիրը միանշանակ պետք շարունակվի, սակայն ֆինանսական առումով պետք է հասկանալ, թե քանի քրեակատարողական հիմնարկներում պետությունը կարող է շարունակել:

«Երեք հնարավոր տարբերակ է քննարկվում: Առաջինը' շարունակել այս երկու քրեակատարողական հիմնարկում, երկրորդը' այս երկու քրեակատարողական հիմնարկին ավելացնել ևս երկուսը' «Աբովյան» և «Գորիս» ՔԿՀ-ները, երրորդ' միանգամից բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում: Բնականաբար, ֆինանսական գնահատականները տարբերվում են: Օրինակ' եթե երկու ՔԿՀ-ներում շարունակենք, այս պահին 2020 թվականին բյուջեով նախատեսվածը գրեթե բավարար է, եթե չորսում շարունակենք, կպահանջվի մոտ 250 միլիոնի դրամ լրացուցիչ գումար, եթե բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում միաժամանակ շարունակենք՝ արդեն 570 միլիոնի դրամ»- հավելեց նախարարը:

Դատապարտյալ Մանվել Արմենակյանը գոհ և շնորհակալ է պետական մարմիններից, որ ներդրվել է այս ծրագիրը:

« Նախկինում տալիս էին բորշչ, ոլոռով ճաշ, իսկ հիմա սննդատեսակները շատացել են: Պահման պայմանները նույնպես լավ են' շաբաթվա ընթացքում լողանում ենք , ջրերը ժամով տալիս են… որևէ պակաս չունենք, մենք շնորհակալ ենք մեր վերադասից»,- ասաց Արմենակյանը:

Փորձնական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 100 միլիոն դրամ: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: