Վարչապետ Փաշինյանի կիրակնօրյա ուղիղ եթերը նվիրված էր Ղարաբաղի խնդրին ու բանակին, գեներալիտետի հետ հարաբերություններին: Նա անդրադարձավ այն տեղեկություններին, թե ինքը հանձնում է Ղարաբաղը եւ վարկաբեկում է գեներալներին: Նա կրկնեց իր թեզերը Ղարաբաղի կարգավորման վեաբերյալ եւ հայտարարեց, որ բանակում ստեղծվում է նոր գեներալիտետ:
Ընդհանրապես, հարց է առաջանում, թե ինչու է վարչապետը հենց հիմա որոշել անդրադառնալ Արցախի հարցում առկա դավադրությունների տեսություններին և հերքել դրանք: Հեղափոխությունից հետո բավական ակտիվ քննարկվում էր այն վարկածը, որ տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հիմքում որոշակի քաղաքական պայմանավորվածություններն էին, այդ թվում՝ պայմանավորվածություններ Արցախի հարցում որոշակի առաջընթաց ապահովելու մասով (զիջում կամ ստատուս քվոյի պահպանում): Եթե դիտարկենք այդ պայմանավորվածությունների պրիզմայի ներքո, ապա պետք է հասկանալ, թե մեկ տարի շարունակ ի՞նչ է արել և ինչ է անում Նիկոլ Փաշինյանը բանակցությունները իր կետից շարունակելու համար և ո՞րն է այդ կետը, որի մասին հանրությունը տեղյակ չէ, քանի որ թե′ վարչապետի տեսլականները, թե′ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ պարբերաբար տեղի ունեցող քննարկումների արդյունքները հանրությանը հայտնի չեն:
Հեղափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը փորձում էր առաջ տանել ստատուս-քվոյի պահպանման գիծը՝ ժամանակ խնդրելով երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները կարգավորելու և բնականոն հուն ուղղելու համար: Նրան այդ ժամանակը տվեց անգամ Ադրբեջանի ղեկավարությունը: Սակայն, դրանից հետո, երբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև առաջին, ոչ պաշտոնական հանդիպումը, օրակարգ մտավ այսպես կոչված Բոլթոնի պլանը, և կար տեսակետ, որ Փաշինյան–Ալիև ու Մնացականյան–Մամեդյարով բանակցություններն ընթանում են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» խորագրի, ինչպես նաև՝ «Փող՝ տարածքների դիմաց» (Փաշինյան–Ալիև դավոսյան հանդիպման շրջանակներում Բոլթոնի զանգն այդ թեմայով էր՝ աջակցություն Հայաստանի բարգավաճմանը) ենթախորագրի ներքո, բայց Հայաստանի իշխանությունները լուռ էին, այսինքն՝ չէին հերքում, այդպիսով հաստատելով այն խորագիրը, որի ներքո ուզում էին «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»։ Բոլթոնը ստանձնեց Փաշինյանի արևմտյան ուղղության հովանավորի դերը՝ զուգահեռաբար նշելով նաև գինը։ Այդ գինը «պատմական կարծրատիպերից ազատվելն» էր (Բոլթոնը նկատի ուներ հայ–թուրքական և հայ–ռուսական հարաբերությունների վերանայումն՝ ի վնաս հայ–ռուսականի) ու հակաիրանական նախագծին մասնակցելը՝ Ադրբեջանի ախորժակը զուգահեռաբար բավարարելու պատրաստակամության գնով։ Փաշինյանն, ըստ ամենայնի, լավ չէր պատկերացրել Հայաստանի ու անձամբ իր համար այն վտանգավոր խաղի էությունը, որի մեջ մտել էր, և այժմ նա հետ է ուզում քաշվել՝ ակնկալելով ՌԴ–ի ու ԵՄ–ի աջակցությունը պատերազմ թույլ չտալու հարցում:
Փաշինյանը այս պահին ժամանակ է շահում՝ մի կողմից Զոհրաբ Մնացականյանի շուրթերով միջազգային հանրությանը հայտնելով, որ պատրաստ է որոշակի զիջումների, մյուս կողմից քանդելով ստատուս-քվոյի պահպանման համար անհրաժեշտ հիմքերը՝ վարկաբեկելով գեներալիտետին, քաղաքական վերադասավորումներ անելով Արցախում: Ի դեպ, ուշագրավ էր Փաշինյանի մեսիջը Արցախի իշխանությունների մասով, ըստ էության՝ նա հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի տեսակետները բանակցային գործընթացում չեն կարող տարբերվել: Այսինքն՝ հողերը գուցե և կարող են զիջվել, սակայն Արցախի իշխանությունների համաձայնությամբ: Դա է պատճառը, որ պաշտոնական Երևանը բավական լայն կերպով լծվել է Արցախում սպասվող նախագահական ընտրությունների դեռևս չմեկնարկած քարոզարշավին՝ աջակցելով Մասիս Մայիլյանին: Փաշինյանը նաև ակնարկեց Արցախի հարցում հավանական հանրաքվեի մասին, իսկ դա նշանակում է, որ վարչապետը փորձում է իրեն ապահովագրել նաև այս ճակատում, հարկ եղած դեպքում պատասխանատվությունը կբարդվի ժողովրդի կամքի վրա:
Հասկանալու համար, թե ինչ պայմանավորվածություններ են եղել Արցախի հարցում , անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վերջերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արած մեկ ուշագրավ դիտարկմանը, այն, որ Փաշինյանը շեղվել է բանակցությունների ճիշտ ուղուց: Ո՞րն է այդ ճիշտ ուղղին ըստ Սարգսյանի՝ Լավրովի պլանը՞, որը ինքը Սարգսյանը մերժել էր, և որը այսօր ընդունում է Փաշինյանը: Ի դեպ՝ Լավրովի պլանը իր սկզբունքների համադրությամբ ոչնչով չի տարբերվում Բոլթոնի պլանից, եթե այն, իհարկե, դեռևս օրակարգում է, հաշվի առնելով, որ ինքը Բոլթոնը արդեն իսկ հրաժեշտ է տվել իր պաշտոնին: Թե՞ Սարգսյանը շեղում ասելով նկատի ունի հենց այն հանգամանքը, որ Փաշինյանը հրաժարվել է ընդունել այդ պլանը և շարժվում է ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ, ինչն էլ հենց պայմանավորվածությունների խախտում է…