Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է Հակածխախոտային օրենքի մասին լրագրողների հարցերին: «Մենք երկար ժամանակ քննարկել ենք օրենքը, փոխել, հղկել ենք, հաշվի առել բոլոր օդում կախված և իրական վտանգները»,-ասաց նախարարը և հավելեց, որ դա է եղել օրենքի ուշացման պատճառը:
Խորհրդարանը կմերժի օրենքը, թե կընդունի, նախարարը հրաժարվեց ենթադրություններ անել. «Ես կարծում եմ, որ մեր խորհրդարանը ողջամիտ և Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության մասին մտահոգ և մտածող խորհրդարան է: Եվ այս մտքով էլ բացառում եմ չընդունելու սցենարը»:
Անդրադառնալով քաղաքացիների՝ օրենքի հանդեպ տրամադրվածությանը, Թորոսյանը բացառեց նաև հասարակության կողմից լուրջ ընդվզումը օրենքի դեմ. «Բոլորը պիտի հասկանան, որ մենք չենք արգելում ծխելը, մենք ընդամենը սահմանափակում ենք դրա օգտագործումը որոշ տեղերում: Ընդլայնում ենք տարածքները, որտեղ չի թույլատրվում ծխել: Նախարարի պնդմամբ, օրենքով լրացվում են գովազդներին վերաբերող այն բացերը, որոնք թույլ են տալիս ցուցադրել ծխախոտն ու դրա օգտագործումը: Ծխախտոտային ընկերություններն, օգտվելով օրենքի բացերից, գովազդում են իրենց արտադրանքը, մենք փակում ենք այդ բացերը: Օրենքով փոփոխություններ կկատարվեն նաև ծխախոտի վաճառքի սահմանափակումների վերաբերյալ: Մենք մի մակարդակով բարձրացնում ենք հակածխախոտային քաղաքականությունը»:
Այս հարցը նախարարը քննարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ, որոնք դրական վերաբերմուքն են արտահայտել օրենքի վերաբերյալ: «Կա քաղաքական աջակցություն: Կառավարությունը օրենքն ընդունել և ուղարկել է ԱԺ, և այստեղ էլ կա քաղաքական աջակցություն ամենաբարձր մակարդակով: Ծխախոտի գնի հետ կապված այս օրենքում կարգավորումներ չկան»,-ասաց նախարարը: