Այն ժամանակ, երբ ես քաղաքաշինարարի կամ ճարտարապետի դիպլոմ ունեի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ վերջինս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել սույն թվականի հոկտեմբերի 18-ին' նշելով, թե չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:

«Ողջ իմ գործունեության ընթացքում ես որպես փորձագետ հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի ոչ ամենավերջին փորձագետներից մեկը, և ես կարծում եմ' Ավինյանից ևս երկու-երեք տարի կպահանջվի, որպեսզի ինքը քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչը կունենա այն մարդը, որը ճարտարապետություն է սովորել»,-հարցազրույցում նշել է Պետրոսյանը:

Անդրադառնալով իր հրաժարականի տեքստում նշած մտքին, թե ինքը' որպես Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող «թայֆայականությունը», և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արձագանքին, որ առաջին անգամ է լսում նման բան, և հրաժարականից առաջ Պետրոսյանն իր հետ հանդիպել է, և վերջինս այս մասին չի բարձրաձայնել, ասաց. «Ես կոռուպցիա բառը չեմ օգտագործել, ասել եմ' կոռումպացվածության հասնող թայֆայականություն: Պատասխանեմ Ավինյանի հարցին. այսօր Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, իրեն պատկանող ընկերությունն անմիջապես ներգրավված է այդ բոլոր գործընթացներում, և դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս դրա մասին իրեն ասել եմ, տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը»:

Ըստ Պետրոսյանի' Ավետիք Էլոյանը նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: «Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ կոռումպացվածության հասնող թայֆայականություն է»,-պարզաբանեց Սարհատ Պետրոսյանը:

Նա նաև նշեց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ուզում է հետամուտ լինել, թե կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերը ինչ գործունեություն են ծավալում, ապա ինքը կարող է հավելյալ փաստեր ներկայացնել: